
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն ուղիղ եթերում պատասխանել է լրագրողների հարցերին` անդրադառնալով նաև Հայաստանի և հայերի հետ հարաբերություններին վերաբերող հարցին.
«Հայկական սփյուռքը ոչ մի կերպ չի հանդարտվում, նրանք անվերջ ինչ-որ բաներ են նախաձեռնում, այս հարցում Թուրքիայի հետ բանավեճի, նույնիսկ վեճի մեջ մտնել են ուզում: Մենք չենք կարող նման բան հանդուրժել: Մենք պարտավոր չենք ինչ-որ մեկի պատվերով ընդունել Հայոց ցեղասպանության փաստը»:
Ըստ թուրքական Haberturk.com լրատվականի` Էրդողանը կրկին բարձրաձայնել է ցեղասպանության խնդիրը պատմաբաններին թողնելու առաջարկը և պատրաստակամություն հայտնել` ընդունելու պատմաբանների ուսումնասիրության արդյունքները` ինչպիսին էլ որ դրանք լինեն:
«Մենք միանգամայն անկեղծ պատրաստ ենք նստել սեղանի շուրջ, բայց հայերը փախչում են և խնդրի հետ ոչ մի կապ չունեցող երկրների խորհրդարաններում օրենքներ են ընդունել տալիս»,-ասել է Թուրքիայի նախագահը, գրում է Ermenihaber.am-ը:
2014-ի ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով: Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելիի պատերազմական գործողությունների 100 ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, նախատեսել է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգիսյանին: Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրի նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Նույն օրը ՀՀ նախագահը պատասխանել է հրավերին մերժումով:
Հունվարի 29-ին այոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում Սերժ Սարգսյանը կրկին անդրադարձել է թեմային.
«Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, անհրաժեշտ համարեցի անմիջապես և հանրայնորեն պատասխանել Ռեջեփ Էրդողանին, քանի որ ակնհայտ էր, որ հրավերի փաստը կարող է թյուր կերպով հասկացվել և մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցների և հանրության կողմից: Կարծում եմ, որ իմ պատասխանը և դրան հետևած միջազգային և հենց Թուրքիայի ներսում տեղ գտած արձագանքները ապացուցում են այդ թերհաշվարկված քայլի սին լինելը:
Այդ քայլը սին է, ինչպես և ժխտողականության բոլոր դրսևորումները: Ժխտողականությունը ոչ միայն քաղաքական թուլության և անլիարժեքության բարդույթների դրսևորում է, այլև իրավական կատեգորիա: Այն կապում է Թուրքիայի գործող իշխանությունները ցեղասպանության հանցագործությունը կատարած իրենց նախորդների հետ, դարձնում նրանց մեղսակից մարդկության դեմ այդ ծանրագույն հանցատեսակում: Եվ հենց դրանով էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երեկ զբաղված Թուրքիայի Հանրապետությունը»:
Կարդացեք նաև`Հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը