31 հունվարի 2015 - 12:06 AMT
Էրդողան. Եթե պատմաբաններն ապացուցեն, որ մենք ոճիր ենք գործել, կձեռնարկենք անհրաժեշտ միջոցները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Թուրքիան պատրաստ է «գին վճարել» 1915-ի համար՝ միայն ու միայն այն դեպքում, եթե «անկողմնակալ պատմաբանների թիմը» համաձայնի նրան, որ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրությունը իսկապես մեղավոր է ոճրի համար:

Էրդողանը, France Presse-ի փոխանցմամբ, այս մասին ասել է թուրքական պետական TRT հեռուստաընկերության եթերում:

«Եթե արդյունքները ցույց տան, որ մենք ոճիր ենք գործել, եթե մենք պետք է գին վճարենքն, ապա որպես Թուրքիա՝ մենք կգնահատենք դա և կձեռնարկենք անհրաժեշտ միջոցները»,-ասել է նա:

Աղբյուրը նկատում է, որ Էրդողանն իր հայտարարությունն անում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի սպասվող արարողությունների նախօրեին:

Իր հայտարարության մեջ Էրդողանը խոսել է նաև թուրքական «բացված» արխիվների մասին և Հայաստանին կոչ արել ևս արխիվներ բացել Ցեղասպանության առնչությամբ, եթե այդպիսիսք կան, մեջբերում է Tert.am_ը:

Ավելի վաղ Էրդողանն ուղիղ եթերում պատասխանել է լրագրողների հարցերին` անդրադառնալով նաև Հայաստանի և հայերի հետ հարաբերություններին վերաբերող հարցին.«Հայկական սփյուռքը ոչ մի կերպ չի հանդարտվում, նրանք անվերջ ինչ-որ բաներ են նախաձեռնում, այս հարցում Թուրքիայի հետ բանավեճի, նույնիսկ վեճի մեջ մտնել են ուզում: Մենք չենք կարող նման բան հանդուրժել: Մենք պարտավոր չենք ինչ-որ մեկի պատվերով ընդունել Հայոց ցեղասպանության փաստը: Մենք միանգամայն անկեղծ պատրաստ ենք նստել սեղանի շուրջ, բայց հայերը փախչում են և խնդրի հետ ոչ մի կապ չունեցող երկրների խորհրդարաններում օրենքներ են ընդունել տալիս»:

2014-ի ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով: Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար»:

Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելիի պատերազմական գործողությունների 100 ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, նախատեսել է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգիսյանին: Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրի նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Նույն օրը ՀՀ նախագահը պատասխանել է հրավերին մերժումով:

Հունվարի 29-ին այոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում Սերժ Սարգսյանը կրկին անդրադարձել է թեմային.

«Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, անհրաժեշտ համարեցի անմիջապես և հանրայնորեն պատասխանել Ռեջեփ Էրդողանին, քանի որ ակնհայտ էր, որ հրավերի փաստը կարող է թյուր կերպով հասկացվել և մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցների և հանրության կողմից: Կարծում եմ, որ իմ պատասխանը և դրան հետևած միջազգային և հենց Թուրքիայի ներսում տեղ գտած արձագանքները ապացուցում են այդ թերհաշվարկված քայլի սին լինելը:

Այդ քայլը սին է, ինչպես և ժխտողականության բոլոր դրսևորումները: Ժխտողականությունը ոչ միայն քաղաքական թուլության և անլիարժեքության բարդույթների դրսևորում է, այլև իրավական կատեգորիա: Այն կապում է Թուրքիայի գործող իշխանությունները ցեղասպանության հանցագործությունը կատարած իրենց նախորդների հետ, դարձնում նրանց մեղսակից մարդկության դեմ այդ ծանրագույն հանցատեսակում: Եվ հենց դրանով էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երեկ զբաղված Թուրքիայի Հանրապետությունը»:

Կարդացեք նաև` Հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը