31 հունվարի 2015 - 16:57 AMT
Իսպանական Բուրխասոտի քաղխորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը հունվար ամսվա ընթացիկ նիստում ընդունեց Compromis կուսակցության ներկայացրած միջնորդագիրը, որով քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում դրա ընթացքում կատարված մարդկության դեմ հանցագործությունները։

Միջնորդագրում նշված է. «Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, ցեղասպանության, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: 1915-1921թթ. ներկայիս Թուրքիայի տարածքում տեղի ունեցան հայ ժողովրդի զանգվածային կոտորածներ և արտաքսումներ, հատկապես երիտթուրքերի վարչակարգի օրոք, ինչի արդյունքում զոհվեցին 1,5 միլիոն հայեր, իսկ մոտ 2 միլիոնը ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը՝ ստեղծելով հայկական մեծ սփյուռքը»:

Նախագիծը փոխանցվելու է Միսլատայի «Արարատ» ասոցիացիային, Իսպանիայի արտաքին գործերի նախարարին, Կոնգրեսում ներկայացված կուսակցական խմբերին, Վալենսիայի խորհրդարանում ներկայացված կուսակցական խմբերին, Իսպանիայում ՀՀ դեսպանությանը և Բուրխասոտի հասարակական կազմակերպություններին:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1965-ից, երբ Ուրուգվայն առաջինը ճանաչեց Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ոճրագործությունը։ Ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915-ին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Արգենտինան, Բելգիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լիբանանը, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Վատիկանը, Վենեսուելան և Բոլիվիան:

2014-ի հունիսի 24-ին Նավարան դարձավ Իսպանիայի չորրորդ ինքնավար տարածաշրջանը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այդ փաստը ճանաչել են նաև Բասկերի երկիրը, Կատալոնիան ու Բալեարյան կղզիները: