6 փետրվարի 2015 - 14:44 AMT
ՀՀ քննչական կոմիտեն Պերմյակովի հոգեկան հիվանդության վերաբերյալ տվյալներ դեռևս չունի

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամի սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի մտավոր հետամնացության վերաբերյալ տվյալներ վարույթն իրականացնող մարմինը չի տիրապետում: Այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, գրում է Panorama.am-ը:

Ինչ վերաբերում է Պերմյակովի ընդհանուր առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններին, նրա խոսքով, համապատասխան հարցումներ են ուղարկվել ռուսական պատկան գերատեսչություններին: ՀՀ քննչական կոմիտեն առայժմ պատասխան չի ստացել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուս քննիչները քրեական գործ են հարուցել Բալեյ քաղաքի զինկոմիսարիատի բաժնի ղեկավար դեմ, որը զորակոչել է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին, ինչպես նաև` զորամասի հրամանատարի դեմ: Կասկածվում է, որ զինկոմիսարիատի բաժնի ղեկավարը ի սկզբանե ծառայության է թույլ տվել զորակոչիկի, ով հոգեկան շեղումներ ունի, իսկ փաստաթղթերին կցել է դրական բնութագիր: Ըստ աղբյուրի, Պերմյակովը Չիտայում ծառայության ժամանակ ավելի քան մեկ ամիս բուժվել է զինվորական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքում:

Նշվում է նաև, որ Վալերի Պերմյակովը չէր կարող զորակոչվել բանակ, քանի որ նա տառապում էր մտավոր հետամնացությամբ (օլիգոֆրենիա ):

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը վարույթ է ընդունել հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի՝ 7 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործը։ Կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգ, ինքնաձիգից արձակված պարկուճներ, պահունակ՝ փամփուշտներով, ՌԴ զինծառայողի տարբերանշանով զինվորական համազգեստ, կոշիկներ։

Դրանք պատկանում են Պերմյակով ազգանունով անձին, որը Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմական բազայի ժամկետային զինծառայող է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ Պերմյակովի զինակիցները, տուժածների հարազատները, հարևանները։

Նախնական տեղեկություններով՝ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանությունը տեղի է ունեցել ժամը 03։05-ի սահմաններում, մահվան պատճառ են դարձել հրազենից արձակված կրակոցները։