19 հուլիսի 2006 - 14:48 AMT
Հայաստանի եւ Բոսնիա ու Հերցեգովինայի միջեւ հարաբերությունները գտնվում են ձեւավորման փուլում
Բոսնիա եւ Հերցեգովինայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է երկրի ԱԳ նախարար Մլադեն Իվանիչի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ եւ միջազգային կարեւորություն ներկայացնող մի շարք հարցեր: Երկուստեք նշվեց, որ Հայաստանի եւ Բոսնիա ու Հերցեգովինայի միջեւ հարաբերությունները գտնվում են ձեւավորման փուլում եւ փոխադարձ շահագրգռվածություն դրսեւորվեց տնտեսական համագործակցության խորացման վերաբերյալ, ինչին նպաստում է երկու երկրների միջեւ քաղաքական տարաձայնությունների բացակայությունը: Այդ համատեքստում, կողմերը կարեւորեցին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ստեղծումը, ինչը կնպաստի երկկողմ կապերի խորացմանն ու ակտիվացմանը : Շեշտվեց ներկայումս համաձայնեցման փուլում գտնվող համաձայնագրերի ստորագրման նախապատրաստման անհրաժեշտությունը` մասնավորապես, կարեւորելով երկու երկրների միջեւ «ներդրումների խրախուսման եւ պաշտպանության», «առեւտրատնտեսական համագործակցության» եւ «դիվանագիտական ու ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար առանց մուտքի արտոնագրերի այցելությունների» մասին համաձայնագրերի ստորագրումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: