
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կրկին հանդես է եկել ավանդական հայտարարությամբ Խաղաղ համաձայնության վրա աշխատելու անհրաժեշտության մասին: Այդ մասին նա հայտարարել է, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն արտահայտությունը, թե «պետք է լուրջ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ»:
ԵԱՀԿ Մինսկի խումբը լուրջ բանակցություններ է ակնկալում Ադրբեջանի նախագահ Ալիևի և մյուսների հետ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Բոլորը կարող են շահել»,- հավելել է նա:
Փետրվարի 16-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այցելլե են Ադրբեջան, փետրվարի 17-ին նրանք կժամանեն Երևան, իսկ հետո կմեկնեն Լեռնային Ղարաբաղ:
Մամեդյարովը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են աշխատել Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված խաղաղ պայմանագրի վրա, հայտնում է Salamnews-ը:
«Անհրաժեշտ է սկսել աշխատանքը Խաղաղ պայմանագրի վրա: Ֆրանսիայի նախագահ Օլանդը նույնպես խոսել է այդ մասին: Դրանք լուրջ բանակցություններ են»,-ասել է նա:
Ադրբեջանն առաջին անգամը չէ, որ խոսում է խաղաղ համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին, սակայն, որպես կանոն, բոլոր այդ հայտարարությունները հանգեցնում են միայն նրան, որ Բաքուն խափանում է որևէ պայմանավորվածության ձեռք բերում: Բավական է հիշել թեկուզ 2011-ի հունիսի 24-ին Կազանում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ: Հանդիպումից առաջ վստահություն էր հայտնվում, որ պայմանավորվածություն է ձեռք բերվելու կարգավորման հիմնարար սկզբունքների մասին և համապատասխան համաձայնագիր է ստորագրվելու: Սակայն Ալիևը ձախողեց բանակցությունները, վերջին պահին ներկայացնելով 10 նոր ուղղում:
Նախորդ անգամ Մամեդյարովը հայտարարեց, որ Ադրբեջանը «պատրաստ է ձեռնամուխ լինել մեծ խաղաղ համաձայնագրի վրա աշխատանքին» Փարիզում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին Փարիզում Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ: Բանակցությունների արդյունքներն ամփոփվեցին ավելի ուշ՝ Օլանդի, Սարգսյանի, Ալիևի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիեի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպմանը:
Հանդիպման մասնակիցները կարևորեցին երկխոսությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում և վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված ջանքերը: Կարևորվեց նաև այլընտրանքի բացակայությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց բարձր մակարդակով երկխոսությունը շարունակելու վերաբերյալ: Կողմերը պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը Նյու Յորքում 2015-ի սեպտեմբերին ՄԱԿ ԳՎ հերթական նիստի ընթացքում:
Փարիզյան հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի երրորդ հանդիպումն էր վերջին շրջանում: Նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2014-ի սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ: Կողմերը քննարկել են բանակցություններին ու ղարաբաղյան կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր: Պետքարտուղար Քերին նույնպես ընդգծեց հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայությունը: