19 հուլիսի 2006 - 19:34 AMT
Հուլիսի 22-ին Ստեփանակերտում կսկսվի Արցախի թեմի Մայր տաճարի կառուցումը
Հուլիսի 22-ին` Ստեփանակերտում, Արցախի թեմի Մայր Տաճարի շենքի հիմքի առաջին քարը կդրվի: Արարողությանը կմասնակցի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը: Ինչպես հայտնում է KarabaxhOpen.com-ը, մի քանի ամիս առաջ Հեքիմյանի փողոցի վրա սկսվել է առաջին եկեղեցու կառուցումը, որի համար տեղն ընտրել է Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանը:

Նշենք, որ երկար տարիներ Ստեփանակերտը ապրել է առանց եկեղեցու: Խորհդային վիճակագրությունը պնդում է, որ Ղարաբաղը եղել է ԽՍՀՄ միակ գոյացությունը, որտեղ 1930 թվականից ոչ մի եկեղեցի չի գործել: Եւ դա այն դեպքում, երբ մինչ 1930 թվականը ղարաբաղյան յուրաքանչյուր գյուղում եղել է մի փոքրիկ եկեղեցի: Ստեփանակերտի մեծ եկեղեցին վերակառուցել են` դարձնելով թատրոն, իսկ Վարարակն հին եկեղեցին` քաղաքի վերին հատվածում, մինչեւ հիմա գտնվում է ժամանցային հաստատության տարածքում: