16 փետրվարի 2015 - 17:07 AMT
Նախագահն ԱԺ-ից հետ է կանչել Հայաստան-Թուրքիա արձանագրությունները

Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Հանրապետության Նախագահի նամակում, մասնավորապես, ասված է.

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը:

Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում:

Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը:

Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվա-կանի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար:

Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»:

Հայկական կողմից արձանագրությունները ստորագրեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, թուրքական կողմից՝ նրա պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուն:

Արձանագրությունները ստորագրվեցին 3,5 ժամ ուշացումով, ինչը կապված էր արարողությունից հետո արտգործնախարարների կողմից արվելիք հայտարարություններում որոշ ձեւակերպումների հետ: Արձանագրությունները ներկայացվեցին երկու երկրների խորհրդարանների վավերացմանը:

Արձանագրությունների ստորագրումից հետո, սակայն, Թուրքիայի բարձրագույն պաշտոնատարները հանդես եկան վավերացումը Ղարաբաղի հարցում առաջընթացով պայմանավորելու մասին բազմաթիվ հայտարարություններով: Պաշտոնական Երևանը, մինչդեռ, նման հայտարարություններին հակադարձում էր փաստարկով, որ արձանագրություններում որևէ նախապայման նշված չէ: Այս հեռակա դիվանագիտական բանավեճն ի վերջո հանգեցրեց նրան, որ Հայաստանի նախագահն անցած ապրիլին առկախեց վավերացման գործընթացը` արձանագրությունների տակ, սակայն, պահպանելով Հայաստանի ստորագրությունը: