20 հուլիսի 2006 - 15:17 AMT
Ադրբեջանում կան 1200 գերեվարված հայեր
«Իրավական կամայականության դեմ» հիմնադրամի տվյալներով, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական կողմի օկուպացիայի տակ գտնվող Շահումյանի եւ Մարտակերտի շրջանի մի մասի խաղաղ բնակչության անհայտ կորածների քանակը, ադրբեջանական կողմի մոտ գերության մեջ կամ որպես պատանդ են պահվում շուրջ 1200 մարդ: Այդ մասին հայտարարել է «Իրավական կամայականության դեմ» հիմնադրամի նախագահ Միքայել Արամյանը: Նրա խոսքերով, այն բանի հավանականությունը, որ նրանցից շատերը ողջ են, շատ փոքր է: «Հարկ է նշել, որ այժմ եւս կան գերեվարման եզակի դեպքեր ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նրանց հայտնաբերելու եւ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Հստակ վիճակագրական տվյալներ ստանալը բարդ է»,-նշել է նա: Արամյանը հաղորդել է նաեւ, որ ցուցակների կազմման պահի դրությամբ գերության մեջ էին գտնվում նաեւ անչափահասներ, սակայն այժմ այդ անձինք, իհարկե, եթե նրանք դեռ ողջ են, արդեն չափահաս են: «Նշեմ, որ 1994-96թթ. հաջողվեց գտնել եւ փոխանակել շուրջ 20 հայ երեխաների: Մինչ այժմ մենք կապ ենք պահպանում նրանց հետ: Սակայն ադրբեջանական կողմը ժխտում է հայ պատանդների եւ ռազմագերիների առկայության փաստը»,-ընդգծել է Արամյանը, հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը: