20 փետրվարի 2015 - 14:12 AMT
Չավուշօղլուն հայ-թուրքական արձանագրությունները նորից պայմանավորել է ադրբեջանական գործոնով

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել իշխանությունների հետ սերտ առնչվող «Սաբահ» պարբերականին: Խոսելով տարբեր խնդիրներից` Չավուշօղլուն անդրադարձել է նաև Միացյալ Նահանգներ կատարելիք այցի, իսլամական շարժման առաջնորդ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլահ Գյուլենի և հայ-թուրքական հարաբերություների թեմաներին, գրում է Panorama.am-ը:

Հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ Չավուշօղլուն նշել է. «Կովկասում իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է որոշ պայմանների բավարարում: Դրանցից գլխավորը կապված է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացման հետ: Մինչև այսօր Հայաստանը ոչ մի քայլ չի կատարել: Այդ իսկ պատճառով քանի դեռ չեն իրականացվել հայտնի պայմանները, արձանագրությունների կիրառման մասին խոսք լինել չի կարող»:

Չավուշօղլուն տեղեկացրել է, որ մարտին ԱՄՆ կատարելիք այցի շրջանակում հանդիպում է նախատեսված պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Վաշինգտոնում իշխանական շրջանակների հետ շփումներ կունենան նաև ԱՄՆ-ի հետ բարեկամության խորհրդարանական խմբի թուրք պատգամավորները: Նախարարը նաև նշել է, որ Գյուլենի արտահանձման համար անհրաժեշտ են մի շարք փաստաթղթեր, որոնցով այժմ զբաղվում է Թուրքիայի արդարատադության նախարարությունը:

Փետրվարի 16-ին նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրություններն ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: Նախագահի նամակում, մասնավորապես, ասված է.

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը:

Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը:

Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը:

Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվա-կանի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար: Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»: