23 փետրվարի 2015 - 11:58 AMT
«Իսլամական պետության» գրոհայիններն արժեքավոր գրքեր և ձեռագրեր են այրել իրաքյան Մոսուլում

«Իսլամական պետւթյան» գրոհայինները պայթեցրել են Իրաքի Մոսուլ քաղաքի կենտրոնական գրադարանը՝ 10 հազար գիրք ոչնչացնելով, հայտնում է «Լենտա.ռու»-ն «Էլաֆ» ինտերնետ պորտալի վրա հղումով:

Ըստ գրադարանի տնօրենի, պայթյունի հետևանքով եռահարկ շենքը հրդեհվել է: Գրադարանի բակում իսլամիստները խարույկ են վառել գրքերից ու ձեռագրերից, որոնք Իրաքի մշակութային ժառանգությունն էին: Ոչնչացված գրքերի թվում են նաև մշակույթի, փիլիսոփայության ու պատմության եզակի նմուշներ: ԻՊ գրոհայինները արդարացրել են իրենց գործողությունները նրանով, որ գրքերն ու ձեռագրերը իբր այլախոհություն էին սերմանում:

Անբար գավառի խորհրդի անդամ Ադալ ալ Ֆահդաուին հայտնեց, որ վերջին շաբաթներին ծայրահեղականները ևս մի քանի գրադարան են քանդել՝ ոչնչացնելով այնտեղ պահվող մոտ 100 հազար գիրք:

Հունվարի 9-ին «Իսլամական պետության» միավորման մաս հանդիսացող «Լիբանանի ազատագրման շարժման» ահաբեկիչներն ականանետներից գնդակոծեցին Հալեպի Ալ Թիլալ թաղամասում գտնվող Սբ Ռիտայի հայ կաթողիկե եկեղեցին:

2014-ի աշնանը ԻՊ ահաբեկիչները ոչնչացրեցին Դեր Զորի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, պղծեցին հայ կաթողիկե եկեղեցին Ռաքքայում: Հայաբնակ Քեսաբի ուղղությամբ «Ան Նուսրայի» իսլամիստների գրոհի և դրան հաջորդած մարտերի ժամանակ տուժեց քաղաքի հայկական եկեղեցին և հայերի նյութական ու մշակութային այլ օբեյկտներ:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: