27 փետրվարի 2015 - 17:56 AMT
Պերմյակովի գործը կարող է քննվել Հյուսիսկովկասյան զինվորական դատարանում

Գյումրիում ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործը կարող է քննվել ՌԴ Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանում: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել է դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը: Դատարանը գտնվում է Դոնի Ռոստովում:

Հյուսիսկովկասյան զինվորական դատարանի դատական իրավասության տակ է գտնվում Ռուսաստանի Դաշնության 16 սուբյեկտների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքներում տեղակայված ռուսական զորամասերում կատարված հանցագործությունների քննությունը:

Ինչպես ասել է Պտիցինը, վերջնական որոշում դեռ չի կայացվել, թե որ զինդատարանում է անցնելու դատավարությունը՝ Երևանում թե Դոնի Ռոստովում, սակայն գործը ենթակա է Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Սպանության մեջ մեղադրվող 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը դեռևս գտնվում է ռազմակայանի տարածքում և ենթարկվում է հոգեբանական և հոգեբուժական փորձաքննության:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին:

Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

Իսկ հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:

Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:

ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից: Միջնորդության շուրջ ստեղծված թյուրըմբռնումներից խուսափելու համար հրապարակվեց դրա վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի կողմից ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը: