«Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մնացած օկուպացված տարածքներում բռնությունների աճի» հարցով ԵԽ ԽՎ զեկուցող Ռոբերտ Ուոլթերը մարտի 12-13-ին փաստահավաք այցով պատրաստվում է մեկնել Բաքու: Այս հարցի վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի տեսակետն է ներկայացրել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նա մասնավորապես ասել է. «Այդ հետազոտության կամ զեկույցի մասին վաղուց է խոսվում, դրա վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտը և տարբեր պաշտոնյաներ իրենց կարծիքը հայտնել են, նույն մոտեցումը մնացել է անփոփոխ: Նման վերնագրով, նման փիլիսոփայությամբ, նման բովանդակությամբ զեկույցը մեզ համար անընդունելի մի երևույթ է, ո´չ թե մենք վախենում ենք կամ ուզում ենք ինչ-որ մի բան թաքցնել, այլ ասում ենք, որ զեկույցը պետք է անաչառ լինի, զեկույցը պետք է արտացոլի իրականությունը», գրում է Tert.am-ը:
2014-ի հոկտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայից պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը Լեռնային Ղարաբաղի գծով Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող նշանակվեց: Նա հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 35 խորհրդարանական, դեմ՝ 32-ը, երեքը ձեռնպահ են մնացել: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը հայտարարել է, որ բոյկոտում է ԵԽԽՎ-ում ԼՂ զեկույցի պատրաստման գործընթացը, որը վերնագրվել է՝ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ»։Այն պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ադրբեջանական 2 բանաձևերի նախագծերի համատեքստում: Նախագծերը ներկայացվել էին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում. մեկը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովը, երկրորդը՝ ԵԽԽՎ-ում Հունաստանի պատգամավոր, Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորա Բակոյանիսը:»
Նրա խոսքով՝ նման վերնագրով և նման մոտեցումներով զեկույցը ոչ այլ ինչ է, քան քաղաքական պատվեր: Հետևաբար Դավիթ Բաբայանն ասել է, որ իրենք չեն համագործակցելու այդ թիմի և այդ անձնավորության հետ: «Պետք է նաև ասել, որ միայն հիմա չէ, որ մենք նման կտրուկ կարծիք ենք հայտնել, մենք այն ժամանակ էլ ենք ասել, որ պատրաստ ենք համագործակցել, եթե վերանայվի և՛ վերնագիրը, և՛ բովանդակությունը»,-շեշտեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:
Դավիթ Բաբայանն ասաց, որ ո՛չ հայտարարվել է, ո՛չ էլ Արցախի իշխանություններին է գրվել, որ ԵԽ ԽՎ զեկուցող Ռոբերտ Ուոլթերը նման նախաձեռնությամբ ուզում է այցելել նաև Արցախ: «Պարզ է, որ այդ զեկույցը կլինի ադրբեջանական ԱԳՆ-ի կամ նախագահական աշխատակազմի ինչ-որ մարդկանց կողմից պատրաստված հերթական քաղաքականացված հակահայկական փաստաթուղթը, և եթե այդպես է, ապա թող սահմանափակվեն Բաքվով»:
Դավիթ Բաբայանը հայտնել է, որ իրենց որևէ առաջարկություն չի եղել, դրա մասին ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներից և պաշտոնական ինչ-որ հատվածի ներկայացուցիչներից են տեղեկացել, իրենց դիմել են, որ նմանատիպ զեկույց է պատրաստվում:
«Մենք ասել ենք, որ նախևառաջ՝ չենք ստացել այդպիսի նամակ դիմում, երկրորդ՝ նման բովանդակությամբ, նման վերնագրով փաստաթուղթն ուղղակի քաղաքական պատվեր է, և մենք այդպիսի խաղերի մեջ չենք մտնում»,–եզրափակեց Դավիթ Բաբայանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ Ուոլթերը մարտի 12-13-ին փաստահավաք այցով մեկնելու է Բաքու՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ զեկույցի պատրաստման նպատակով:
Այցի ժամանակ Ուոլթերը կհանդիպի Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի, արդարադատության և պաշտպանության նախարարների հետ։ Նախատեսված են նաև հանդիպումներ Փախստականների և բռնի տեղահանվածների պետական կոմիտեի նախագահի, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարների և ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատիրակության հետ։
Ուոլթերը կհանդիպի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և միջազգային հանրությանն առնչվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
ԵԽ բանաձևերը չունեն պարտադիր կատարման պահանջ, այլ խորհրդատվական բնույթի են: