12 մարտի 2015 - 13:14 AMT
Լավրով. ՌԴ-ն պատրաստ է սկսել բանակցել աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ

Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ սկսել աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնեն Թբիլիսին և Սուխումին, մարտի 11-ին Աբխազիայի ԱԳ նախարար Վյաչեսլավ Չիրիկբայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Հաշվի առնելով հանգամանքը, որ հենց «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերությունն է շահագործում երկաթգծի աբխազական հատվածը, ռուսական կողմը սկզբունքորեն պատրաստ է մասնակցել խորհրդակցություններին: Բայց հիմնական որոշումը պետք է կայացնեն այս գործընթացում անմիջական ներգրավված կողմերը` Վրաստանն ու Աբխազիան»,- ասել է Լավրովը:

Պատասխանելով վրացական «Մաեստրո» հեռուստաընկերության թղթակցի հարցին, նա նաև ակնարկել է` Մոսկվայում չեն մոռացել, որ աբխազական երկաթուղու վերագործարկմամբ հետաքրքրված հիմնական կողմերից մեկը Հայաստանն է. «Հայաստանը հասկանալի պատճառներով դրանում մեծապես շահագրգիռ է: Մենք պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել տրանսպորտային հաղոդակցության վերականգնմանը

Երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի ու Ռուսաստանի միջև աբխազական երկաթուղով կասեցվեց Աբխազիայում պատերազմի ժամանակ 1992-ին: Խորհրդային շրջանում աբխազական երկաթուղով անցնում էր մոտ 14 ուղևորատար 24 զույգ գնացք: Երթևեկության վերսկսումը կնպաստի Հայաստանի շրջափակման մասնակի դադարեցմանը և ավելի դյուրին կդարձնի Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ:

Փետրվարի 27-ին Վրաստանի ԱԳ նախարար Թամարա Բերուչաշվիլին հայտարարեց, որ կառավարությունն այս փուլում չի քննարկում Աբխազիայի տարածքով Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը: «Սա շատ բարդ հարց է, կապված բազում նախադրյալների հետ: Այս փուլում Վրաստանի կառավարությունն այդ հարցը չի քննարկում»,- ասել էր նա:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել էր, որ Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերագործարկման հարցի շուրջ բանակցություններ չեն գնում, իսկ դրանից առաջ Աբաշիձեն հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է քննարկել Սուխում-Թբիլիսի-Երևան տարանցիկ երկաթուղային հաղորդակցության կազմակերպման հարցը, միայն եթե դա «նպաստի աբխազական հակամարտության կարգավորմանը»:

Ըստ Աբաշիձեի, երկաթուղու վերագործարկման շուրջ առարկայական քննարկում երբեք չի եղել: «Այնպես որ դժվար է մեկնաբանել այդ հարցը: Ըստ իս, դա վրաց-ռուսական երկաթուղի է, և եթե խոսք է գնում այն վերագործարկելու մասին, նախ պետք է քննարկել բոլոր քաղաքական հարցերը, քանի որ դա ոչ միայն հաղորդակցությունների վերականգնման հարց է: Առաջին հերթին պետք է լուծել քաղաքական հարցերը»,- հայտարարել է Աբաշիձեն:

Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ավարտին հայտարարել էր, որ Ռուսաստանը և Աբխազիան պատրաստ են մտածել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության մասին: «Հնարավոր ենք համարում միասին մտածել և ընդհանուր համաձայնության դեպքում իրականացնել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության նախագիծը»,-ասել է Պուտինը լրագրողներին:

Մարտի 11-ին Ռուսաստանն ու Աբխազիան հուշագիր են ստորագրել արտաքին քաղաքականության համակարգման մասին, Ռուսաստանի և Աբխազիայի միջև դեռևս 2008 թվականին ստորագրվել է Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիրը, իսկ Դաշնության և ռազմավարական գործունեության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականին՝ որով ռուսական կողմը պարտավորվել է կրկնապատկել աբխազներին հատկացվող տնտեսական օգնությունը։ Այս համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի մարտին: Հեռանկարում ևս 30 պայմանագրի և համաձայնագրի ստորագրումն է՝ ռազմավարական, սոցիալական, հումանիտար ոլորտներում։ Երեկ Մոսկվայում պետք է ստորագրվեր նաև «Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև դաշնակցային հարաբերությունների հաստատման մասին պայմանագիրը»:

Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները պետք է դնեին Վլադիմիր Պուտինն ու Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը: Վերջին պահին, սակայն, համաձայնագրի ստորագրումը չեղյալ հայտարարվեց: Տեղեկություններ կային, որ պատճառը Պուտինի մոտ ծագած առողջական խնդիրներն են: Օրվա երկրորդ կեսին Ռուսաստանի նախագահի խոսնակը հերքեց Վլադիմիր Պուտինի վատառողջության մասին լուրերը` այդպես էլ, սակայն, չբացատրելով, թե ինչու Կրեմլը որոշեց հետաձգել ռուս - հարավօսական պայմանագրի ստորագրումը: