19 մարտի 2015 - 19:33 AMT
ԵԺԿ նախագահն ընդունել է Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 24-ին Երևան այցելելու հրավերը

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 19-ին, մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:

Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի եվրոպական օրակարգին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող՝ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, հայ ժողովրդի համար հատուկ խորհուրդ ունեցող 2015 թվականին, երբ աշխարհասփյուռ հայությունը հայրենիքում և նրա սահմաններից դուրս ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է նաև ԵԺԿ-ի հետ Հայաստանի հանրապետական կուսակցության արդյունավետ փոխգործակցությանը, հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Օգտվելով առիթից, հանրապետության նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից 2015 թվականի մարտի 3-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի ընդունման կապակցությամբ, ընդգծելով, որ դրանով ԵԺԿ-ն արժանապատվորեն ապացուցեց համամարդկային արժեքներին և սկզբունքներին իր հավատարմությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի նախագահը կարևորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին գագաթնաժողովին ներկա հրավիրյալների մասնակցությունը, ընդգծելով, որ հայ ժողովրդի համար դա եվրոպական արժեքների հաղթանակի, եվրոպական առաջադիմության խորհուրդ է կպարունակի և կլինի «Այլևս երբեք» կարգախոսի ամենախոսուն մարմնավորումը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին՝ ապրիլի 24-ին Երևան այցելելու իր հրավերն ընդունելու և այդ օրը հայ ժողովրդի հետ Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու պատրաստակամության համար:

Մարտի 3-ին Եվրոպական ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ) ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև, որի նախագիծը մշակված է ԵԺԿ-ի անդամ երեք հայաստանյան կուսակցությունների՝ Հանրապետականի, «Օրինաց երկիր»-ի և «Ժառանգության» կողմից:

9 կետից կազմված բանաձևի առաջին կետում մասնավորապես գրված է. - «Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության գործողությունները, որոնք ծրագրվել և մշտապես չարակամորեն իրականացվել են Օսմանյան կայսրության և Թուրքիայի այլ ռեժիմների կողմից 1894-1924 թվականներին: Դրանք են հայրենազրկումը, ոճրագործությունները և էթնիկ գործոնով պայմանավորված բնաջնջումները, որոնք ուղղված էին հայկական բնակչության և նրա մշակութային ժառանգության ոչնչացմանը: Ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու և իրականացված ոճրագործությունները մոռացության մատնելու կամ արդարացնելու փորձերը` որակելով դրանք որպես շարունակական հանցագործություն և նոր ցեղասպանություններ խրախուսելու միտում»:

Բանաձևի կետերից մեկով կոչ է արվում Թուրքիային «հետևել հետպատերազմյան Գերմանիայի կողմից ցուցաբերած բացառիկ շիտակության ու նախաձեռնողականության օրինակին, պատմությունն ընդունելու և հայկական ցեղասպանության և դրան հետևող ունեզրկման ներկայիս իրականությունը ճանաչելու, ինչպես նաև, նյութական և բարոյական հատուցումը ապահովելու գործում` իրականացնելով եվրոպական երկրին վայել քաղաքականություն, որը ներառում է պատմական հողերի վերադարձը հայ բնակչությանը, հայ ընտանիքների վերամիավորումն իրենց ազգային օջախներին և դրանից բխող ճշմարտության միջոցով հաշտության հասնելու հրամայականի իրագործմանը»:

Բանաձևում նաև կոչ է արվում Թուրքիային ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից կատարված հայկական ցեղասպանությունը` «սթափ գնահատելով սեփական պատմությունը և հիշողությունը՝ հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ կատարված այլ զազրելի ոճրագործությունների զոհերի հիշատակին»:

«Լիահույս ենք, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը նոր էջ կբացի հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացում»,- ասված է բանաձևում:

Նախագահը Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովի շրջանակում նաև հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ կառուցողական երկխոսությանն ու հարաբերությունների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, որոնք, կողմերի համոզմամբ, կարևոր տեղ են զբաղեցնում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում:

Սերժ Սարգսյանը և Դոնալդ Տուսկն անդրադարձել են նաև 2014թ. տարեվերջից ԵՄ-ի հետ քննարկվող Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական շրջանակը ձևավորելու հարցին և Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:

ԵԺԿ գագաթնաժողովի շրջանակներում Նախագահը Սերժ Սարգսյանը կարճատև հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական երկկողմ և բազմակողմ համագործակցությանն ու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: