Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանում քննարկվում էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ներկայացրել էին խորհրդարանի բոլոր խմբակցությունները (56 պատգամավոր), ասել է Կիպրոս մեկնած ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում գտնվող ԱԺ հասարակայնության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը, գրում է Panorama.am-ը:
«Կիպրոսի խորհրդարանը 54 կողմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը»,- նշել է Բաբայանը:
Կիպրոսի օրենսդիրները մարտի 30-ին որոշում էին կայացրել գործող օրենսդրության մեջ ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին փոփոխություններ կատարելու վերաբերյալ, եթե մարդկության դեմ այդ հանցագործությունը ճանաչված լինի Ներկայացուցիչների պալատի կողմից: Կիպրոսը Հայոց ցեղասպանությունը ճանաչած 22 երկրներից մեկն է: Սակայն, մինչ այժմ ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն չէր համարվում, քանի որ ճանաչված չէր Միջազգային քրեական դատարանի կողմից:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Յիանակիս Օմիրոուն առաջարկեց համալրել օրենսդրությունը ցեղասպանության ժխտման քրեականացման մասին կետով, եթե այն ճանաչված է Միջազգային դատարանի կամ Կիպրոսի խորհրդարանի որոշմամբ:
Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերի կոմիտեում քննարկումից հետո մարտի 30-ին պատգամավորները ընդունեցին Օմիրոուի առաջարկը, սակայն վերապահումով՝ ցեղասպանության ժխտումը կհամարվի քրեական հանացագործություն միայն այն դեպքում, եթե Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև ընդունի Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ հանցագործություն ճանաչելու մասին:
Ըստ օրենքի, ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների ժխտումը, եթե այն ճանաչված է Միջազգային դատարանի կողմից, պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ և/ կամ 10 000 եվրո տուգանքով:
2014-ի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ՝ 54 կողմ, 42 դեմ ու 3 ձեռնպահ, ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը: Դրա լրամշակված տարբերակով Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն հրեաների, այլև հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտման համար: Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում: Ֆիզիկական անձինք նման խախտման համար կարող են տուգանվել՝ 10-ից մինչև 100 000 եվրոյով: Ժխտում ենթադրող միջոցառումներին մասնակցության համար նախատեսվում է 5-20 000 եվրո տուգանք:
Մարդկության դեմ հանցագործությունները, այդ թվում և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկվել էր նաև սեպտեմբերի 5-ին կայացած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հանդիպմանն Ուելսում։
Էրդողանը Հունաստանի վարչապետին զգուշացրել էր, որ այդ օրինագիծը թուրք-հունական հարաբերություններում խնդիրների պատճառ կդառնա: Հունական կողմն էլ ընդգծել էր, թե օրինագիծը համապատասխանում է միջազգային իրավունքին և Եվրոպայում ընդունված որոշումներին: Ըստ հունական կողմի՝ օրենքը պատրաստվել է ի նշան զոհվածների հիշատակի հանդեպ հարգանքի և որևէ կերպ չի առնչվում ժամանակակից Թուրքիայի հետ հարաբերություններին:
Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն էր, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:
Նմանատիպ օրինագիծ է քննարկվում նաև Ֆրանսիայում: