2 ապրիլի 2015 - 19:04 AMT
ՊՆ. Հատուկ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր արտադրամաս է բացվել

Կատարելագործման դինամիկ փուլում գտնվող հայկական ռազմարդյունաբերության համակարգի անքակտելի մասն այսուհետ կկազմի նաև հատուկ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր արտադրամասը, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել այսօր` ապրիլի 2-ին, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից և նշում, որ ինչպես փաստել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ արտադրամասը հնարավորություն է ընձեռելու մանրազնին ուշադրություն դարձնել ազգային բանակի ամենակարևոր և մարտունակ ստորաբաժանումներից մեկի՝ ՀՕՊ զորատեսակի հատուկ սարքերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման գործընթացի վրա:

Բացի դրանից` ստեղծվելու են նոր աշխատատեղեր, այդ կերպ նպաստելով նաև ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

Շրջելով ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր արտադրամասի տարածքում, պաշտպանության նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին, կատարված լայնածավալ աշխատանքներին, արտադրամասի տեխնիկական հագեցվածությանը, ինչպես նաև ոլորտի պատասխանատուների և մասնագետների հետ քննարկել է ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը:

Ռազմական արդյունաբերության համալիրի զարգացման շարունակականության ապահովումը ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ծրագրի կարևորագույն ուղղություններից մեկն է: Այս առումով ակնհայտ են վերջին տարիներին զինված ուժերը հայրենական արտադրության սպառազինության ու տեխնիկայի նմուշներով համալրելու գործընթացին միտված քայլերի հետևողականությունը: Այս համատեքստում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում իրականացվող աշխատանքները ՀՀ ՊՆ ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են: