
Ուկրաինայի Գերագույն ռադայում այսօր՝ ապրիլի 3-ին, 2530 համարի տակ գրանցվել է «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» որոշման նախագիծը: Ըստ Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքի, նախաձեռնությամբ հանդես է եկել ինքնաառաջադրված պատգամավոր Վիտալի Բարվինենկոն։ Ներկայում Գերագույն ռադայի կայքում փաստաթղթի տեքստը բացակայում է, Интерфакс-ի ուկրաինական ծառայությանը հղումով գրում է Tert.am-ը։
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստում՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի քննարկումների ժամանակ Ուկրաինայի պատվիրակության անդամ Իգոր Ալեկսեևը հայտարարել է, որ իրենք չենք քվեարկի բանաձևի ընդունման օգտին՝ ուկրաինական հարցում Հայաստանի՝ ՌԴ-ին աջակցող դիրքորոշման պատճառով: Նաև այն պատճառով, որ 1933-ին՝ Հոլոդոմորի ժամանակ Ուկրաինայի կողմից բազմաթիվ զոհեր են եղել, ինչը ՀՀ-ն չի ճանաչել:
2014-ի հունիսի 24-ին Նավարան դարձավ Իսպանիայի չորրորդ ինքնավար տարածաշրջանը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այդ փաստը ճանաչել են նաև Բասկերի երկիրը, Կատալոնիան ու Բալեարյան կղզիները: 2015-ի հունվարին Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև իսպանական Բուրխասոտի քաղաքային խորհուրդը, մարտին՝ Բետերայի քաղաքապետարանը:
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1965-ից, երբ Ուրուգվայն առաջինը ճանաչեց Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ոճրագործությունը։ Ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915-ին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Արգենտինան, Բելգիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լիբանանը, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Վատիկանը, Վենեսուելան և Բոլիվիան: