8 ապրիլի 2015 - 11:17 AMT
Թուրքիայի մայրաքաղաքում ավերվում է հայերի հին գերեզմանոցը

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հայերից մնացած հին գերեզմանատունն ավերում է գանձ որոնողները: Մարդկային ոսկորները ցիրուցան են եղել:

Գերեզմանատունն անգամ որպես պիկնիկ անցկացնելու վայր է օգտագործվում: Սնկարայի Սինջան շրջանում հայերից միայն այս գերեզմանոցն է մնացել: Քաղաքապետարանը որոշ ժամանակ առաջ նորմալ պահպանված տապանաքարերը տեղափոխել էր քաղաքապետարանի պարտեզ և «բացօթյա թանգարան» պատրաստել: Ավելի ուշ տապանաքարերն այնտեղից հանվել էին, և համաձայն պնդումների՝ տարվել էին Անատոլիայի քաղաքակրթությունների թանգարան, Hye Tert-ին հղումով գրում է Tert.am-ը։

Մի քանի տարի առաջ գերեզմանատան շրջակայքը ցանկապատվել էր, սակայն դրա ներկայիս վիճակը ցույց է տալիս, որ այն չի պահպանվել: Ցանկապատն ավերված է: Գերեզմանները գանձ որոնողների կողմից պղծվել են:

2008-ին վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Էդիրնեգաբուի հայկական գերեզմանատանը՝ անհայտ անձինք ջարդել են մի դամբանաքար և տապալել 8 գերեզմանաքար: Նույնանման դեպք Էդիրնեգաբուի գերեզմանատանը տեղի էր ունեցել 2008-ի հոկտեմբերի վերջին, երբ անհայտ անձինք ջարդել էին 12 դամբանաքար:

2012-ին հայտնի դարձավ Էրուհ շրջանում ավտոճանապարհի շինարարության ժամանակ հայկական գերեզմանատունը քանդելու և մարդկային ոսկորները հողի վրա թողնելու դեպքի մասին։ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունից պատճառաբանել են. «Գերեզմանատունն անշարժ մշակութային կոթող չէ և մեզ չի հետաքրքրում»:

2013-ին թուրքական «Ռադիքալ»-ը գրեց, որ Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Թեքիրդաղ նահանգի Մալգարա շրջանի հայկական գերեզմանատունն պղծվել է և ամբողջովին ոչնչացվել։ Մալգարայի ինքնակառավարման մարմինները հայկական գերեզմանատան տարածքը հատկացրել են շինարարության համար։ Մասնավորապես, հայկական գերեզմանատան տարածքում կառուցվելու է հացատուն և հյուրատուն։

2014-ի հուլիսին «Ակոս»-ը գրեց, որ Սիվասի (հայկական Սեբաստիա) շրջանի Զարա գավառում գտնվող հայկական գերեզմանատնից մնացել է միայն մեկ տապանաքար:

Տեղեկություններ են տարածվել նաև թուրքական Թունջելի շրջանի Մազկերտ թաղամասի հայկական գերեզմանատանը փոսեր փորելու մասին:

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում գտնվող հայկական գերեզմանոցի սեփականության իրավունքը 2015-ի փետրվարին վերադարձրել է Բեյօղլուի «Երեք խորան» հայկական եկեղեցու հիմնադրամին:

Հանրապետական Թուրքիայի առաջին տարիներին՝ 1930-ին այն բռնազավթվել էր հայերից և հանձնվել Ստամբուլի քաղաքապետարանին: 1936-ին Թուրքիան օրենք ընդունեց, որով բռնագրավում էր ազգային փոքրամասնություններին պատկանող եկեղեցապատկան գույքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատկապես վերջին տարիներին մշտապես պարտադրում էր Թուրքիային փոխհատուցում տրամադրել: Հարցը փորձել է լուծել այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2011-ին ընդունած օրենքով, որով նախատեսվում էր գույքը մաս առ մաս վերադարձնել իրական տերերին:

Սակայն այդ գործընթացում կային որոշ խնդիրներ՝ ժամանակային սահմանափակում, հայկական եկեղեցիների իրավական կարգավիճակի հարց, բյուրոկրատական քաշքշուկ, վերադաձնելու կամքի բացակայություն: Չնայած դրան՝ գույքի մի մասն արդեն վերադարձվել է և կարող է նպաստ բերել հայկական հիմնադրամների կենսագործունեությանը: Վերադարձված գույքը կազմում է ընդհանուրի 19%-ը:

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության և դրա իրավահաջորդը հանդիսացող Թուրքիայի Հանրապետությունում հայերի դեմ ճնշումների հետևանքով ժամանակակից թուրքական պետության տարածքում շատ հայկական բնակավայրեր, գերեզմանատներ և մշակութային կոթողներ շարունակում են լքված մնալ:

Photo: Hyetert.com