Երևանում սպասում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ: «Առաջիկայում կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան՝ նա կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին»,-ասել է Նալբանդյանը: Նա հավելել է, որ երկու երկրների նախագահները մայիսին կհանդիպեն նաև Մոսկվայում «Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում», հայտնում է Ինտերֆաքսը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Երևանում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, կայցելի Հայաստան ապրիլի 20-ից հետո, հայտարարեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իրոք, այցի հարցն օրակարգում է»,-ասել է նա: «Այցը նախապատրաստվում է և քննարկվում է»,-ասել է Պեսկովը: «Երբ ստույգ ամսաթիվը որոշվի ու հաստատվի, մենք կհայտնենք այդ մասին»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրի ղեկավարը համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակում, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից: