4 սեպտեմբերի 2006 - 18:49 AMT
Հայ ակադեմիկոսները պնդում են, որ անհապաղ ընդունվի երկքաղաքացիության մասին օրենքը
Եթե «Հայաստան-Սփյուռք» երրորդ համաժողովում գործողությունները համակարգելու նպատակով չստեղծվի մի միասնական մարմին ՀՀ եւ Սփյուռքի ներկայացուցիչներից, ապա համաժողովը կդառնա ուղղակի հերթական «միջոցառում»: Այդ մասին հայտարարեց ակադեմիկոս Կառլեն Դալլաքյանն այսօր ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայում կայացած հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, հակառակ դեպքում հայ ազգը չի կարողանա դիմակայել 21-րդ դարի մարտահրավերներին: Դալլաքյանը մեղադրեց Հայաստանի հեռուստակայաններին Սփյուռքի կյանքը միակողմանիորեն լուսաբանելու համար: «Լիբանանում մարտական գործողություններ ծավալվելուց ի վեր մեզ ներկայացնում են միայն մեկ` «Ազդակ» թերթի գլխավոր խմբագրի տեսակետը, որը Դաշնակցության մարմինն է»,-նշել է նա: Իր հերթին, արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանն ընդգծել է, որ ազգի հիմնական խնդիրներից մեկը Հայ Առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսությունների գոյությունն է Էջմիածնում եւ Անթիլյասում: «Մայր Աթոռը մեկը պետք է լինի` Էջմիածնում: Արամ Առաջին կաթողիկոսի քաղաքականությունը տանում է դեպի ՀԱԵ վերջնական պառակտում»: Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ ՀՀ իշխանությունները պետք է հստակ քաղաքականություն ունենան Սփյուռքի հարցում:
Պատմաբան Ստեփան Ստեփանյանի խոսքերով, միջազգային ասպարեզում ԼՂՀ հարցը պետք է քննարկվի Նախիջեւանի հարցեի հետ միասին: «1921 թվականին Նախիջեւանը եւս հանձնվեց Ադրբեջանին, այս խնդիրները փոխկապակցված են»,-ասել է նա: Հանդիպման ժամանակ ընդգծվել է նաեւ, որ անհապաղ պետք է ընդունվի երկքաղաքացիության մասին օրենքը եւ որքան հնարավոր է շուտ: