Ապրիլի 14-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն միաձայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունել։ Վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի» մասին կոնվեցիան, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների որոշումները, բանաձևը դատապարտում է ցեղասպանությունների ժխտումը:
Դրա տեքստում, մասնավորապես, ասվում է․
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝
Վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1948թ. դեկտեմբերի 9-ի 260-րդ (III) բանաձևը, որը հայտնի է նաև որպես «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիա, և որը Չեխոսլովակիայի Հանրապետությունում հրապարակվել է արտաքին գործերի նախարարի 1955թ. ապրիլի 28-ի համար 32/1955 հրամանագրով,
Հաշվի առնելով հասանելի փաստերը, ինչպես նաև՝ չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի վկայությունները, նկատի ունենալով Եվրոպական խորհրդարանի, Ուրուգվայի, Կանադայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Լիտվայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Սլովակիայի, Վատիկանի և այլ պետությունների խորհրդարանների ու այլ օրենսդիր ու գործադիր մարմինների որոշումները,
Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որը ոգեկոչվում է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից 2015թ. ապրիլի 24-ին,
Հայտնում է իր ցավակցությունն ու համերաշխությունն աշխարհի հայությանը և, միևնույն ժամանակ, ոգեկոչում է նաև ասորիների, Փոքր Ասիայի հույների և եզդիների կոտորածները,
Անդրադառնում է այդժամանակյա միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի անբավարար վիճակին, որը հնարավոր դարձրեց ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ ճնշումների աննախադեպ աճը և նախանշեց 20-րդ դարում նմանատիպ իրադարձությունները, այդ թվում՝ Շոան,
Դատապարտում է նման գործողությունների, ինչպես նաև՝ այլ ցեղասպանությունների ծանրության նվազեցումը կամ ժխտումը,
Կոչ է անում միջազգային հանրությանը՝ կանխելու մարդկության դեմ հանցագործություններն աշխարհի ցանկացած հատվածում և վեճերը կարգավորելու խաղաղ միջոցներով:
2014-ի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանն էր ձայների մեծամասնությամբ ընդունել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը: Դրանով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում: Ֆիզիկական անձինք նման խախտման համար կարող են տուգանվել՝ 10-ից մինչև 100.000 եվրոյով: Ժխտում ենթադրող միջոցառումներին մասնակցության համար նախատեսվում է 5-20.000 եվրո տուգանք:
Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն էր, որ քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը: Նման օրինագիծ է քննարկվում նաև Ֆրանսիայում: