15 ապրիլի 2015 - 12:31 AMT
ԱՀՀ. Հռոմի պապի ուղերձը հիշեցում էր աշխարհին, որ անթույլատրելի է ժխտել Ցեղասպանությունը

Ամերիկայի Հայկական համագումարը երախտագիտություն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին Հայոց ցեղասպանւթյան վերաբերյալ հայտարարության և 1915-ի ողբերգության դատապարտման համար:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը Հռոմի պապի կողմից հոգևոր մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի համար: Դա հիշեցում է աշխարհին, որ Ցեղասպանության զոհերը մոռացված չեն և որ անթույլատրելի է ժխտել մարդկության դեմ այդ ոճրագործությունը: Հռոմի պապի ուղերձը կնպաստի այդ խնդրի վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացմանը, ինչը հիմք կհանդիսանա հետագայում ցեղասպանությունների կանխարգելման համար»,-ասել է Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, հայտնում է Armenia Today-ը:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

Միջազգային գրեթե բոլոր առաջատար գործակալություններն ու այլ լրատվամիջոցները Breaking news ձևաչափում տարածել են այս փաստը, որոշները, օրինակ՝ AP-ն, հավելել են նաև, որ սա Թուրքիային հաստատ կբարկացնի: Բավականին ամբողջական անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը և Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական էր. առաջին անգամ էր Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան դեռ շարունակվում է՝ վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով:

Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք: