Բասկերի խորհրդարանը դատապարտել է Հայոց «սարսափելի» ցեղասպանությունը և Թուրքիայից պահանջել ճանաչել այն, ինչպես նաև կոչ է արել «հաշտություն հաստատել երկու երկրի միջև` ընդհանուր պատմության հիմքով»:
Բասկյան խորհրդարանի նիստի ավարտին ելույթ է ունեցել Պալատի նախագահ Բակարտխո Տեջերիան` ներկայացնելով պաշտոնական հայտարարությունը, որով «իր հարգանքն ու համերաշխությունն է հայտնում զոհերի ընտանիքներին», ովքեր այսօր դեռևս տառապում են կոտորածների հետևանքների պատճառով, իսպանական Abc.es-ին հղումով գրում է Tert.am-ը:
Հայտարարության տեքստում հիշատակվում է, որ «չնայած բազմաթիվ խնդրանքներին ու կոչերին` Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել այս պատմական ոճրագործությունը, որը համակարգված իրականացվել է որպես Ցեղասպանություն»:
Խորհրդարանը կոչ է արել «թափանցիկ և անկեղծ երկխոսության» սկսել թուրքերի և հայերի միջև «միասնական ապագա կառուցելու համար, որը թույլ կտա փակել պատմության այս ողբերգական գլուխը», ինչի համար կարևոր է հասկանալը, ճանաչումն ու արդարությունը:
Մարտի 26-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել էր Իսպանիայի Պինտո քաղաքը, դրանից առաջ՝ մարտի 17-ին Բետերա քաղաքը, իսկ հունվարի վերջին` Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը: 2014-ի հունիսին Իսպանիայի՝ հիմնականում բասկերով բնակեցված Նավարա ինքնավար համայնքի խորհրդարանը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր՝ դառնալով Ցեղասպանությունը ճանաչած չորրորդ շրջանն Իսպանիայում՝ Բասկերի երկրից, Կատալոնիայից և Բալեարիկ կղզիներից հետո: