ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին: Այդ մասին ապրիլի 20-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Այցի շրջանակում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի, ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ակտուալ խնդիրներ»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր Պուտինի Երևան հնարավոր այցի մասին: Կրեմլի ներկայացուցիչը չբացառեց նաև ՌԴ և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը Երևանում կայանալիք միջոցառումների շրջանակում:
«Պուտինն ու Օլանդը նույն օրերին կլինեն Երևանում, չի բացառվոմ, որ նրանք կհանդիպեն հայկական կողմի կազմակերպած միջոցառումների շրջանակում»,-ասել էր Պեսկովը:
Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը ապրիլի 15-ին հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին Երևանում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին:
Թուրքիան ապրիլի 24-ին տոնակատարություն է կազմակերպում` նվիրված Գալիպոլիի (Չանաքքալե) ճակատամարտում տարած հաղթանակին: Պեսկովը հայտարարեց, որ «Ռուսաստանը բարձր մակարդակով ներկայացված կլինի թուրք գործընկերների կողմից Չանաքքալեում կազմակերպվող հիշատակի միջոցառումներին»,-ասել է Պեսկովը: Ռուսաստանը Թուրքիայում կներկայացնի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: