Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 24-ին Հայաստան այցելության ժամանակ: Այդ մասին ապրիլի 20-ին հայտարարել են Ելիսեյան պալատում: «Բանակցությունների ընթացքում քննարկվելու է իրավիճակն Ուկրաինայում և մի շարք այլ հարցեր»,-հայտնել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ նման հանդիպման հավանականությունը չբացառեց նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Երկկողմ ռուս-ֆրանսիական բարձր մակարդակի հանդիպում է այժմ նախապատրաստվում Երևանում»,-ասել էր Պեսկովը լրագրողներին: Ըստ նրա, զրույցի ժամանակ կարող է անդրադարձ լինել նաև «Միստրալ» դասի ուղղաթիռակիրների առաքումների հարցին, սակայն ոչ Մոսկվայի նախաձեռնությամբ:
«Ինչ վերաբերում է «Միստրալների» առաքմանը, ապա դա ավելի շուտ ֆրանսիական կողմի խնդիրն է, որը պատվիրատուից ստացել է գումարը և իր պարտավորությունները դեռ չի կատարել: Ուստի եթե ֆրանսիական կողմը բարձրացնի այդ հարցը, բնականաբար, դա կքննարկվի»,-ասել է Պեսկովը:
Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը ապրիլի 15-ին հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին Երևանում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: