Ազգային ժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության տեքստ:
Հայտարարությունն ընդունվեց 113 կողմ ձայներով, դեմ և ձեռնպահ ձայներ չեղան: Քվեարկությունից հետո հետևեցին ծափահարություններ, հայտնում է Tert.am-ը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ քվեարկության ավարտից հետո սպասվում է փակ աշխատանքային խորհրդակցություն՝ տարելիցի պաշտոնական արարողակարգի հետ կապված:
Նշենք, որ արտահերթ նիստ հրավիրվել էր այս հարցի քվեարկությունը կազմակերպելու համար:
Ըստ հայտարարության տեքստի՝
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը • Հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը
• Արժևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները
• Կարևորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը
• Երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարանների, պետական և տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
• Ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ
Կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական և միջազգային կազմակերպությունների պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն: