17 հուլիսի 2003 - 18:38 AMT
ՓԱՐԻԶՈՒՄ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԹԵՄԱՆ
Փարիզում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Ժակ Շիրակը հատուկ ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Այդ մասին երեկ հանդիպումից հետո լրագրողներին է հայտարարել Ռոբերտ Քոչարյանը: Մասնավորապես, նրա խոսքերով, քննարկվել են հակամարտության ներկայիս վիճակը, նրա զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ նրա կարգավորման գործընթացի ակտիվացման հնարավոր ժամկետները: «Ես կարծում եմ, որ խաղաղ գործընթացը հնարավոր կլինի ակտիվացնել Ադրբեջանում նախագահական ըտրություններից հետո»,-ասել է Ռ.Քոչարյանը: Երկու երկրների առաջնորդները ուսումնասիրել են նաեւ հակամարտության կարգավորման գործընթացում Ֆրանսիայի առավել ակտիվ ներգրավման հնարավորությունները: «Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիան կարող է մեծ դեր խաղալ բանակցություններում զգալի առաջընթցի հասնելու գործում»,-նշել է Ռ.Քոչարյանը: Նա հաղորդել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հայ-ֆրանսիական հարաբերությունները: «Այսօր մեր երկրների միջեւ չկան վիճահարույց հարցեր, քննարկվող թեմաները բազմազան էին, իսկ բանակցությունները կառուցողական»,-նշել է Ռ.Քոչարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ համագործակցության ակտիվացման հեռանկարները Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ: