ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն ապրիլի 22-ին մի ամբողջ ժամ է հատկացրել Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերից 1.000-ի անունն ընթերցելու համար:
Հայանպաստ գործունեությամբ հայտնի կոնգրեսականն ընթերցել է այն նահատակների անունները, որոնց մասին տվյալները նախապես գրանցված են եղել պաշտոնյայի առաջարկած առցանց հասցեում, asbarez.com-ին հղումով գրում է Tert.am-ը:
«Մեկ ժամում ես ի վիճակի եղա ընթերցել Հայոց ցեղասպանության զոհերի միայն չնչին մասի անունները: Բոլորի անուններն ընթերցելու համար կպահանջվեին շաբաթներ: Սակայն ես լիահույս եմ, որ այս քայլով կնպաստեմ հասարակության ուշադրությունն այդ սոսկալի հանցանքի կողմը հրավիրելուն»,- ասել է Շիֆը:
Աղբյուրը հիշեցնում է, որ երեկ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայերի համար խորհրդանշական այս տարում ևս 1915թ. տեղի ունեցած դեպքերը չի բնորոշի որպես «ցեղասպանություն»:
Ավելի վաղ Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում կոնգրեսական տեղեկացրել էր, որ այսպիսի նախաձեռնության է պատրաստվում. «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ապրիլի 22-ին Ներկայացուցիչների պալատում մեկ ժամ կարդալու եմ զոհերի անունները և գրանցելու եմ այդ անունները Կոնգրեսական արձանագրություններում: Ես հրավիրում եմ ձեզ գրանցել ձեր սիրելիների անունները, ովքեր դարձել են ցեղասպանության զոհ, և հարգել նրանց հիշատակը»:
Ապրիլի 22-ին ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Դենիս Մակդոնոուն և ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը Սպիտակ տանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ Բարաք Օբաման որոշել է չճանաչել Հայոց ցեղասպանությունն ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում:
Կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարեց, որ խորապես հիասթափված է ԱՄՆ նախագահի որոշումից. «Խորապես հիասթափված եմ նրանից, որ նախագահը հերթական անգամ չի կարողանում ճիշտ գնահատել 1,5 մլն հայերի բնաջնջումը 1915-23 թթ. և ճանաչել, որ դա ցեղասպանություն էր: Որքա՞ն պետք է սպասեն զոհերն ու նրանց ժառանգները, մինչև որ մեր երկիրն այնքան համարձակություն ունենա, որ դիմակայի Թուրքիային` ճշմարտությունն ասելով Օսմանյան կայսրության հանցավոր անցյալի մասին: Եթե նախագահը չասի անցյալը ճանաչելու մասին, ապա ո՞վ պետք է դա անի: Եթե՞ ոչ 100 տարի անց, ապա ե՞րբ:
ԱՄՆ-ն տարիներ շարունակ հպարատցել է, որ փարոս է հանդիսանում մարդու իրավունքների պաշտպանության, վայրագությունների դեմ պայքարի, սեփական և այլ երկրների անցյալի ցավոտ էջերի ճանաչման գործում: Դա չի կարող լինել, եթե նախագահը կամ Կոնգրեսը մեղսակից են դառնոմ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը: Անցած շաբաթ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարեց վերքն ամոքելու անհրաժեշտության մասին, որը շարունակում է արյունահոսել ճանաչման բացակայության պատճառով: Ես միայն ուզում եմ, որ Վաշինգտոնում դա լսեն»: