23 ապրիլի 2015 - 14:11 AMT
«100 ղողանջ»՝ 400 տարի անց. Ակունքներից մինչև Ցեղասպանության զոհերի սրբադասում

Հայ Առաքելական եկեղեցին ապրիլի 23-ի երեկոյան կանցկացնի սրբադասման ծիսական արարողակարգ` սրբերի շարքին դասելով 1,5 միլիոն հայ նահատակներին: Սա առաջին սրբադասումը կլինի 400 տարվա ընդմիջումից հետո: ՀԱԵ-ն իր ծավալով եզակի մի արարողակարգ է կատարելու, քանի որ քրիստոնեության պատմության մեջ դեռ երբեք այսքան մարդ չի սրբադասվել: Մինչ օրս ամենամեծ սրբադասված խումբն էր համարվում հանուն Քրիստոսի առաջին նահատակների խումբը` Հերովդեսի կողմից Բեթղեհեմում սպանված 14 հազար մանուկները: Ցեղասպանության զոհերի սրբադասումը նշանավոր իրադարձություն է հայ քրիստոնյայի համար, քանի որ 100 տարի առաջ 1,5 միլիոն հայ նահատակվեց հանուն հավատքի: Արարողությունը կրում է «100 ղողանջ» անվանումը:

Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքերից դուրս են բերվելու հետևյալ 14 սրբությունները.

1. Սուրբ Գեղարդ 2. Ս. Գրիգոր Լուսավորչի Աջ 3. Կենաց Փայտով խաչ-մասունքարան 4. Սկևռայի մասանց պահարանի կրկնօրինակ 5. Աջ Ս. Ստեփանոս Նախասարկավագի մասունքով 6. Աջ Ս. Հռիփսիմե կույսի մասունքով 7. Աջ Ս. Անանիա առաքյալի մասունքով 8. Աջ Ս. Սահակ Պարթև Հայրապետի մասունքով 9. Աջ Ս. Սարգիս Զորավարի մասունքով 10. Աջ Ս. Գևորգ Զորավարի մասունքով 11. Խաչ-մասունքարան Ս. Թադեոս և Ս. Սանդուխտ կույսի մասունքներով 12. Խաչ-մասունքարան Ս. Հովհաննես Մկրտչի մասունքով 13. Մասունքարան Ս. Գրիգոր Նարեկացու և այլ սրբոց մասունքներով 14. Զեյթունի Ավետարան

Այս մասին տեղեկացրել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում:

Սրբադասում նշանակում է, որ եկեղեցին վկայաբանում է այդ մարդկանց Աստծուն մոտ լինելը և աղոթում է նրանց իբրև իր հովանավորներին: Ըստ էության սրբադասման կարգով բարձրագույն հոգևոր իշխանությունն ամրագրում է քրիստոնյայի և բարեպաշտ սրբակենցաղ մարդու աղոթքի միջոցով առկա կապի իրական փորձը: Դա և լսած աղոթքների փորձն է, և կոնկրետ օգնությունն ու հոգևոր կապը, որոնք հազարավոր մարդիկ զգում են իրենց և Աստվածահաճո մարդու միջև: Սրբադասումը կատարվում է, երբ այդ կապն անհերքելի է դառնում: 100 տարի շարունակ յուրաքանչյուր հայ, ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում, պարտքի զգացում է ունեցել անմեղ նահատակված նախնիների հանդեպ, նրանց հետ հոգևոր կապի միջոցով զգալով կապը նաև Աստծո և պատմական հայրենիքի հետ:

Սրբադասումը սկիզբ է առել քրիստոնեական հավատքի ամենավաղնջական շրջանում` I-IV դարերում, երբ սրբերի երկրպագությունը որոշվում էր քրիստոնյա համայնքի կողմից և օրինականացվում եպիսկոպոսի միջոցով: Այդ մեծարումը համայնական տարածում էր ստանում, երբ համայնքի հանգուցյալ անդամի անունը ներառվում էր նահատակների ցանկում: Երբ դա համաեկեղեցական բնույթ էր ստանում, այն հաստատում էր Եկեղեցու առաջնորդը: Մինչև IV-րդ դարի կեսերն ու V դարը, ինչպես արևելյան, այնպեսլ էլ արևմտյան քրիստոնյաները «սուրբ» դասակարգում չեն ունեցել` առաքյալները, նահատակները կամ հատուկ մեծարման արժանի անձինք, որոնք հետո հայտնի դարձան որպես սրբեր, այն ժամանակներում հիշատակվում էին ուղղակի անուններով, առանց «սուրբ» կամ «առաքյալ» հավելման:

Սակայն Կարթագենի եկեղեցու օրացույցներում արդեն III-V դարերում, եկեղեցու հատուկ ակնածանքին արժանացած հանգուցյալները հաճախ հիշատակվում են sanctus բնորոշմամբ: Արևելյան եկեղեցիները` Հայ Առաքելական եկեղեցին, Ղպտի ուղղափառ եկեղեցին, Եթովպական ուղղափառ եկեղեցին և Սիրիայի եկեղեցին սրբադասման իրենց ուրույն արարողակարգն ունեն: Օրինակ, Ղպտի ուղղափառ եկեղեցին պահանջում է, որ սրբի մահվանից առնվազն 50 տարի անցած լինի, իսկ սրբադասել կարող է միայն Պատրիարքը:

Սրբադասումը նաև հակառակորդներ ուներ` պավլիկիանները, թոնդրակյանները, հուսիթները և մյուս աղանդավորական շարժումները դեմ էին դրան: 787 թ. 7-րդ Տիեզերական ժողովի որոշմամբ բոլոր սրբուրացները եկեղեցու անեծքին արժանացան: Նրանցից յուրաքանչյուրի համար եկեղեցին հիշատակի օր է սահմանել:

Հայ Առաքելական եկեղեցին սրբադասման համար չորս պայման է սահմանում՝ նահատակություն հավատքի ու հայրենիքի համար, սրբակենցաղ կյանք, հրաշքների առկայություն կենդանության օրոք կամ մահվան ժամանակ, հավատքի քարոզչություն ու տարածում: Պարտադիր է համարվում պայմաններից մեկի առկայությունը: Մշակվել է հատուկ ծիսական արարողակարգ՝ վկայաբանության ընթերցում` հատուկ գրված այս առիթով, նկարների օծում, մասունքների հանդեպ խոնարհում, նոր գրված շարականի կատարում:

Վերջին անգամ Հայ առաքելական եկեղեցին սրբադասել է Սբ Մովսես Տաթևացուն 17-րդ դարում: 400 տարի անց, սրբադասման արարողակարգը, որը կորսված էր համարվում, կվերականգնվի այսօր` ապրիլի 23-ին: Սրբադասումը սկսվելու է ապրիլի 23-ին ժամը 17:00-ին ու ավարտվելու է խորհրդանշական 19:15-ին: Սրբադասման հռչակումից հետո Մայր Աթոռում և ամբողջ աշխարհի հայկական, նաև ոչ հայկական եկեղեցիներում 100 անգամ հնչելու են զանգերը, որին հաջորդելու է լռության րոպեն: