25 ապրիլի 2015 - 10:51 AMT
Նալբանդյան. Անկարան կոպիտ և սադրիչ քննադատություններով հակադրվում է միջազգային հանրությանը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարության վերաբերյալ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Մենք շնորհակալ ենք Ռուսաստանին՝ մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկի ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ անաչառ և հետևողական դիրքորոշման համար։ Ինչպես ասել է Ռուսաստնյան Դաշնության նախագահը Հայոց ցեղասպանությունը եղբարյական Ռուսաստանում մշտապես ընկալվել է որպես սեփական ցավ և ողբերգություն։

Ռուսաստանը` Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին, դեռևս 1915թ. մայիսի 24-ին համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտեց Օսմանյան կայսրությունում հայ բնակչության կոտորածը` կոչելով այն հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ:

Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման 1995թ. և 2005թ. ընդունված հատուկ հայտարարություններով հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունը որակեց որպես ցեղասպանություն՝ ապրիլի 24-ը ամրագրելով զոհերի հիշատակի օր:

Պետական դումայի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նոր հայտարարության ընդունումը հայ ժողովրդի հետ համերաշխության ուղերձ է և խոսուն վկայություն է առ այն, որ Հայոց ցեղեսպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, և դրա ճանաչումը ու դատարապտումը միջազգային հանրության առաջնային խնդիրներից է:

Այս օրերին, երբ ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ այս առթիվ իրենց զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին և կոչ անում Թուրքիային առերեսվելու իր պատմությանը, Անկարան ի պատասխան աջ ու ձախ կոպիտ և սադրիչ քննադատություններ է հնչեցնում հակադրվելով միջազգային հանրությանը։ Ժխտողական կեցվածքի հետևանքով առավել խորանում է անդունդը Թուրքիայի և քաղաքակիրթ աշխարհի միջև», -նշված է նախարարի հայտարարության մեջ։

Ինչպես հայտնի է Ռուսաստանի Պետդուման ապրիլի 24-ին հայտարարություն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ` խորին ցավակցություն հայտնելով եղբայրական Հայաստանին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույն օրը մասնակցեց Երևանում Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին, ինչը խիստ «զայրացրեց» Թուրքիայի իշխանություններին:

Թուրքիայի ԱԳ նախարարությունը դատապարտեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները: