27 ապրիլի 2015 - 14:41 AMT
Ստամբուլի Բիլգի համալսարանում խոչընդոտված Ցեղասպանության թեմայով համաժողովը՝ Բողազիչի համալսարանում

Ստամբուլի Բիլգի համալսարանում խոչընդոտված «Հայոց ցեղասպանություն. ձևակերպումներ ու համեմատական ձևակերպումներ» խորագրով միջազգային համաժողովը կայացել է Բողազիչի համալսարանում:

Ավելի վաղ հայտարարվել էր՝ Բիլգի համալսարանը, Թուրքիայի պատմության հիմնադրամը (Tarih Vakfı) և Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի համալսարանի ժամանակակից հայոց պատմության ամբիոնը կազմակերպում են միջազգային գիտաժողով, որը Ստամբուլում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մեկշաբաթյա միջոցառումների մասը կկազմի: Այն նախաձեռնել էին մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած DurDe կազմակերպությունը և ԱՄՆ-ում հիմնադրված Project 2015 խումբը: Սակայն միջոցառումից մոտ մեկ շաբաթ առաջ Ստամբուլի Բիլգի համալսարանը չեղարկել էր տարածք հատկացնելու որոշումը՝ պատճառաբանելով համաժողովի խորագիրը՝ «Հայոց ցեղասպանություն. ձևակերպումներ ու համեմատական ձևակերպումներ»:

Բիլգիի համալսարանի պատմության ֆակուլտետի և Թուրքիայի պատմության հիմնադրամի ղեկավար Բուլենթ Բիլմեզը մեկնաբանելով այս որոշումը, նշել էր. «Կոնֆերանսը կազմակերպում էին Պատմական հիմնադրամը, UCLA-ն և Բիլգի համալսարանը, որի կազմում ես կամ: Մեկ շաբաթ առաջ մեր դեկանը տեղեկացրեց, որ կոնֆերանսը չի կայանալու: Ցանկացա իմանալ ով և ինչու է նման որոշում կայացրել, բայց մեր համալսարանի ղեկավարությունից ոչ մի պարզաբանում չեղավ: Ապշելուց բացի ուրիշ ոչ մի բան չեմ զգում: Այդ մասին հայտնել եմ Պատմական հիմնադրամին և UCLA-ին: Այժմ համաժողովի անցկացման համար նոր սրահ են փնտրում Ստամբուլում»:

Նույն խորագրով համաժողովն անցկացնելու համար տարածք հատկացնել համաձայնել էր Բողազիչի համալսարանը:

Միջոցառմանն աշխարհի տարբեր կողմերից եկած թեման ուսումնասիրած գիտնականներ են մասնակցել` լույս սփռելով անցյալի մութ էջերին, imc tv հեռուստաընկերության կայքին հղումով գրում է Tert.am-ը:

Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ֆաթմա Մյուգե Գյոչեքը ներկայացրել է 100 տարի առաջ դեպի Ցեղասպանություն տանող ճանապարհը: Բիլգի համալսարանի պրոֆեսոր Այհան Աքթարը նշել է, որ «ընդհանուր ցավ» ձևակերպումն առաջ է քաշվում 1918-ից ի վեր: Իսկ պրոֆեսոր Ուղուր Ումիթ Ունգյորը նշել է, որ չէր ցանկանա Թուրքիայում որպես փոքրամասնություն ապրել:

Բիլգիի համալսարանի պատմության ֆակուլտետի և Թուրքիայի պատմության հիմնադրամի ղեկավար Բյուլենթ Բիլմեզը նշել է, որ պետության ժխտողականության քաղաքականությունը միշտ է եղել, սակայն այժմ քննարկումներն ավելի հաճախակի են դարձել:

Մինչև այդ նաև հայտարարել էր. «Գիտնականների համար չափազանց կարևոր է հենց այստեղ՝ Ստամբուլում, 100 տարի անց անդրադառնալ Հայոց ցեղասպանության պատմության և փաստերի հայեցակարգերին: Մենք հույս ունենք, որ հայերի և Թուրքիայում բնակվող այլ ազգերի ընդհանուր պատմության մասին բաց խոսելը, ինչը միշտ չէ, որ հնարավոր է, կօգնի մեր հասարակությանն առերեսվել անցյալի հետ»:

Իսկ Կալիֆոռնիայի համալսարանի ժամանակակից հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեպուհ Ասլանյանը նշել էր. «Բոլոր նրանք, ովքեր առաջարկում են պատմաբաններին վերանայել Հայոց ցեղասպանության պատմությունը, մենք ասում ենք՝ մենք գալիս ենք Ստամբուլ մեր թուրք գործընկերների հետ հենց դա անելու համար: Պատմության արդարացի և բաց քննարկումը Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտելիքների և կրթության տարածման մեր ճանապարհն է»:

2005 թվականին Հայոց ցեղասպանության համաժողովի անցկացումը խոչընդոտվել էր Բողազիչի համալսարանում և կայացել էր Բիլգիում։