11 սեպտեմբերի 2006 - 15:29 AMT
Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե պատմաբանները նման որոշում կայացնեն
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար եւ Եվրամիության հետ բանակցություններում հատուկ ներկայացուցիչ Ալի Բաբախանը կարծում է, որ Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումը իր երկրի կողմից հնարավոր կլինի այն դեպքում, եթե նման հետեւության գա պատմաբանների հայ-թուրքական համատեղ հանձնաժողովը: Ալի Բաբախանը հայտարարել է այդ մասին NRC Handelsblad նիդերլանդական թերթում «Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը բացառված չէ» վերնագրով հրապարակված հարցազրույցում: Պատասխանելով այն հարցին, կճանաչի արդյո՞ք Թուրքիայի կառավարությունը հանձնաժողովի ընդունած որոշումն այն մասին, որ տեղի ունեցածը իսկապես ցեղասպանություն էր, Ալի Բաբախանը հայտարարել է. «Այո, մենք կհամաձայնվենք ցանկացած որոշման հետ»: Միեւնույն ժամանակ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը քննադատել է Եվրոպական Խորհրդարանի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ` նշելով, որ «խորհրդարանականները պատմաբաններ չեն» եւ «Եվրոպական Խորհրդարանն այն ինստիտուտը չէ, որը կարող է պնդել, թե ինչ է իրականում տեղի ունեցել»: Նրա խոսքերով, բոլոր թուրքական արխիվները բաց են գիտնականների համար, իսկ փաստաթղթերի հետազոտման համար պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ` թուրքական կողմի արված առաջարկը մնում է ուժի մեջ»,-հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: