14 սեպտեմբերի 2006 - 15:22 AMT
Պիտեր Սեմնեբի. Եվրամիությունը մտահոգված է Հարավային Կովկասում վերջին զարգացումներով
Եվրամիությունում մտահոգված են Հարավային Կովկասում վերջին զարգացումներով եւ անհրաժեշտ են համարում խոչընդոտել լարվածության աճին տարածաշրջանում, չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Տվյալ պահին մեզ անհանգստացնում են այդ տարածաշրջանում կատարվող որոշ երեւույթներ: Դա վերաբերում է մի շարք միջադեպերին, որոնք վերջերս տեղի են ունեցել հակամարտող գոտիներում»,-ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Նա հիշեցրել է, որ Եվրամիության ներկայացուցիչներն արդեն բազմիցս մտահոգություն են հայտնել տարածաշրջանի որոշ երկրներում ռազմական ոլորտի ծախսերի աճի վերաբերյալ: «Հարկավոր է աշխատել այդ ուղղությամբ, խոչընդոտել իրավիճակի շիկացմանը: Մենք համոզված ենք, որ վրաց-հարավօսական հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ պետք է կարգավորվի բանակցային ճանապարհով միջազգային իրավունքի շրջանակներում»,-նշել է Սեմնեբին: Նա նշել է, որ Հարավային Կովկասն այն տարածաշրջանն է, որը մեծ հետաքրքրույթուն է ներկայացնում Եվրամիության համար; «Այդ երկրները մեր անմիջական հարեւաններն են, ուստի Մոլդովայի հետ մեկտեղ նրանք եւս հրավիրված են դառնալու բարիդրացիության զարգացման քաղաքականության մասնակիցները»,-ասել է Պ.Սեմնեբին:
Նրա խոսքերով, Եվրամիությունում մշակել են Հարավային Կովկասի երկրների հետ բարիդրացիական քաղաքականության զարգացման գործողությունների ծրագիր, որը պատրաստ է իրագործման: Սեմնեբին նշել է, որ Ռուսաստանի եւ Եվրամիության շահերն այս տարածաշրջանում շատ դեպքերում համընկնում են, քանի որ եւ Մոսկվան, եւ Բրյուսելը շահագրգռված են նրա կայուն զարգացմամբ: Եվրամիության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ առկա է պայմանավորվածություն Անդրկովկասի երկրներում անվտանգության հարցերի քննարկման վերաբերյալ:
«Այն, որ ես այժմ գտնվում եմ այս երկրում, այդ հարցի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսության օրինակ է»,-նշել է Սեմնեբին: Եվրամիության ներկայացուցիչը Հարավային Կովկասում նշել է, որ Մոսկվա կատարած իր այցի ընթացքում նա հանդիպել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչների, ՌԴ Պետդումայի հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Անդրեյ Կոկոշինի եւ մի շարք անկախ փորձագետների հետ:
Անդրադառնալով Եվրամիության դիրքորոշմանը Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցում` Սեմնեբին նշել է, որ Եվրամիությունը «չի առաջարկում փոխարինել կարգավորման առկա ձեւաչափերն այլ մեխանիզմներով եւ չի պնդում կարգավորմանը ԵՄ ներկայացուցիչների անմիջական մասնակցությունը: Սակայն մենք բաց ենք բանավեճի համար»,-ասել է նա, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: