4 դեկտեմբերի 2002 - 22:39 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Այսօր Հայաստանի խորհրդարանը վավերացրել է պետական պարտքի մարման հաշվին հայկական հինգ ձեռնարկությունների բաժնետոմսերը Ռուսաստանին հանձնելու շուրջ հայ-ռուսական միջկառավարական համաձայնագիրը: Ինչպես արդեն տեղեկացվել է, փաստաթուղթը նախատեսում է 101 մլն դոլար պետական պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնել Հրազդանի ՋԷԿ-ի, «Մարս» գործարանի, Մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ի, Կառավարման ավտոմատացված համակարգերի ԳՀԻ-ի եւ Նյութագիտության ինստիտուտի բաժնետոմսերը: Նշված ձեռնարկությունների բաժնետոմսերը ռուսական կողմին հանձնելու վերջնական ժամկետները նախատեսված են մինչեւ 2003 թվականի ապրիլը: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի խոսքերով` տվյալ գործարքը չափազանց արդյունավետ է, քանի որ նշված ձեռնարկությունները կներառվեն Ռուսաստանի կառավարության պետական ծրագրերում, ինչը թույլ կտա գործարկել ձեռնարկությունները` ապահովելով նոր աշխատատեղերի ստեղծում: Ավելին, նախկին պարտքի տոկոսների վճարումից ազատված միջոցները հնարավոր կլինի ուղղորդել ՀՀ-ում մի շարք սոցիալական խնդիրների լուծմանը: