11 մայիսի 2015 - 16:17 AMT
Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովն 2016-ին տեղի կունենա Հայաստանում

Իտալիայում կայացած Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) գլխավոր վեհաժաղովի շրջանակներում կայացվել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին վերաբերող երկու նշանակալի որոշում:

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի տեղեկացմամբ, նախ` ֆեդերացիայի բոլոր անդամների միաձայն որոշմամբ 2016-ին արդեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կհամալրվի ևս մեկ մասնագիտությամբ՝ դիրիժորություն. մինչև այս այն տեղի էր ունենում երեք մասնագիտությամբ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ: Ավելին, 2016թ.-ին ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովը տեղի կունենա Հայաստանում։ Սա նշանակում է, որ Երևանում կհուրընկալենք 6 աշխարհամասից 115 անդամի համախմբող այս հզոր կազմակերպության 2016-ի գլխավոր միջոցառումը:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013թ.-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ դրա գոյության ամբողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: