Քնեսեթի մայիսի 12-ի նիստը կարող է պատմության մեջ մտնել. իր ելույթում խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը կոչ է արել Իսրայելի ղեկավարությանը ճանաչել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Նման հայտարարություն առաջին անգամ է արվում խոսնակի մակարդակով:
Էդելշտեյնը հայերի զանգվածային սպանությունները, որոնց 100-րդ տարելիցը նշվեց ապրիլի 24-ին, անվանել է «նախորդ դարասկզբի ամենադրամատիկ և մռայլ իրադարձություններից մեկը»: Նշելով, որ մինչ օրս Իսրայելը ոչ միանշանակ մոտեցում ուներ այս ողբերգության հարցում դիվանագիտական և այլ պատճառներով, նա պահանջել է վերանայել պաշտոնական դիրքորոշումը, «քանի որ ոչ ոքի տրված չէ փոխել պատմությունը», գրում է IzRus.co.il-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր PanARMENIAN.Net-ին Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Քնեսեթի XV-րդ գումարման պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացը երկարաժամկետ գործընթաց է, պարտադիր չէ, որ այն ավարտվի ապրիլի 24-ին: «Մենք մտադիր ենք հզոր արշավ սկսել, այդ թվում մեր հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ տարբեր քաղաքներում: Հուսով ենք, որ մինչև տարեվերջ դա որոշակի արդյունք կտա»,-ասել է նա:
Ընդհանուր առմամբ, ինչպես նշել էր Ցինկերը, Իսրայելի բնակչությունը հիմնականում աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Ընթերցեք ավելին. Ալեքսանդր Ցինկեր. Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն այսօր իրական հեռանկարներ ունի