13 մայիսի 2015 - 15:10 AMT
Գերմանիայի Մայնցի խորհրդարանի խմբակցությունները Ցեղասպանությունը դատապարտող բանաձև են ընդունել

Գերմանիայի Ռայնլանդ-Պֆալց վարչական շրջանի խորհրդարանական խմբակցությունները համատեղ բանաձևով հիշեցրել են Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ հայերի հետ կատարված ոճրագործությունները:

Գերմանական Die Welt պարբերականը հայտնում է, որ խմբակցությունների խոսնակներն իրենց խոսքում նշել են. «Մեր հիմնական նպատակը պետք է լինի նպաստելը համերաշխությանը, փոխըմբռնմանն ու իրազեկմանը»:

Բանաձևում նշվում է, որ խորհրդարանականները կողմ են հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը։ Բանաձևը կոչ է անում հիշել 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին։ Խորհրդարանի խմբակցությունները դատապարտում են Օսմանյան կայսրության արարքը, որը հանգեցրեց 1,5 մլն հայերի բնաջնջմանը։

«Խմբակցությունները ցավում են դրանում Գերմանական ռեյխի, որը, չնայած սպանությունների և տեղահանությունների մասին ունեցած հստակ տեղեկություններին, չփորձեց վերջ դնել մարդկության դեմ իրականացված այդ հանցագործությանը, ունեցած անփառունակ դերակատարության համար»,- նշվում է բանաձևում, հաղորդում է ArmenianGenocide100.org-ը:

Գերմանիայի խորհրդարանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ նիստ է գումարվել, որի ժամանակ քննարկվում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հարցը: Հարցի շուրջ քվեարկությունը հետաձգվեց մինչև հունիս: