13 մայիսի 2015 - 16:37 AMT
Ռոուհանի. ՀՀ և Իրանի փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար որևէ խոչընդոտ չկա

Հայաստանի և Իրանի բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար որևէ խոչընդոտ գոյություն չունի, և տնտեսական, մշակութային ու քաղաքական ոլորտներում համագործակցության ընդլայնումը երկուստեք շահավետ է, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Մայիսի 12-ին Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն իր հավատարմագրերն է հանձնել նրան, հայտնում են Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Թումանյանը հավաստիացրել է, որ ջանքեր չի խնայի երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ, և ընդգծել է միջպետական նախագծերի կարևորությունը:

Ռոուհանին կարևորել է համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ հետևողականության ցուցաբերումը և հավելել, որ Հայաստանը և Իրանը, բացի երկկողմ համագործակցությունից, լավագույնս գործակցում են նաև միջազգային ասպարեզում: Նա բարձր է գնահատել Իրանի հայ համայնքի դերը և հավելել, որ երկու ժողովուրդների առավել սերտ փոխճանաչման համար անհրաժեշտ է ակտիվացնել շփումները` օգտվելով զբոսաշրջային կարողություններից, ինչպես նաև ակտիվացնել գիտական և համալսարանական փոխադարձ կապերը:

1992թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվել է հռչակագիր` Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Նույն օրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիրը, որով կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը:

1992թ. ապրիլին Երևանում կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը: Նույն տարվա դեկտեմբերին Թեհրանում բացվեց Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: Իրանի հետ արդյունավետ համագործակցություն է ծավալվում էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալով, 2014թ. Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 293 միլիոն 620 հազար ԱՄՆ դոլար, որից 84 միլիոն 630 հազարը բաժին է ընկել Հայաստանից Իրան արտահանմանը, իսկ 208 միլիոն 990 հազարը՝ ներմուծմանը: Նշենք, որ 2013թ. Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 289 միլիոն 23 հազար ԱՄՆ դոլար, որից 94 միլիոն 955 հազարը բաժին է ընկել արտահանմանը, իսկ 194 միլիոն 68 հազարը՝ ներմուծմանը:

Հայաստանը հիմնականում Իրան արտահանում է հետևյալ ապրանքատեսակաները՝ էլեկտրաէներգիա, մանր եղջերավոր կենդանիներ, թուղթ, մետաղի ջարդոն, մեխանիկական սարքավորումներ, բժշկության մեջ կիրառվող սարքավորումներ, սուրճ, հանքային ջուր և այլն:

Իրանից Հայաստան են ներկրվում հետևյալ ապրանքատեսակները՝ գազ, բիտում, նավթ, նավթամթերք, տնտեսական ապրանքեր, պարարտանյութեր, ապակի, միրգ, բանջարեղեն և այլն: