15 մայիսի 2015 - 13:19 AMT
ԱՄՆ Կոնգրեսում ողջունում են ՀՀ հետ առևտրի և ներդրումների մասին համաձայնագրի ստորագրումը

Ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը և Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Էդ Ռոյսն առաջիններից էին, որ ողջունեցին ԱՄՆ և Հայաստանի միջև Առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Ես ուրախ եմ, որ ԱՄՆ-ն և Հայաստանը Առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր ստորագրեցին»,-գրել է Ռոյսն իր միկրոբլոգում:

Կոնգրեսական Փալոունը նշել է. «Շնորհիվ այդ համաձայնագրի, ես վստահ եմ, որ ԱՄՆ-ն ու Հայաստանը կշարունակեն կենտրոնանալ մեր ընդհանուր առևտրային և ներդրումային շահերի վրա»: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը միշտ եղել է ԱՄՆ դաշնակիցը, հայտնում է Armeia Today-ը:

Մայիսի 7-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարութունների միջև կնքվեց առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր, որը մշակվել է ՀՀ և ԱՄՆ միջև ներդրումային և գործարար նախաձեռնությունների ակտիվացման ու առևտրատնտեսական գործակցության ընդլայնման նպատակով:

Այն ԱՄՆ-ի կողմից այլ երկրների հետ կնքված տիպային փաստաթուղթ է: Փաստաթղթով նախատեսվում է ստեղծել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որը կնախագահեն հայկական կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ամերիկյան կողմից՝ ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի գրասենյակը:

Համատեղ խորհրդի նպատակներն են երկու կողմերի առևտրային և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը և հնարավոր խոչընդոտների բացահայտումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մտավոր սեփականությունը, գործարար միջավայրը, աշխատողների իրավունքները, ինչպես նաև՝ հարցեր, որոնք ներառված չեն երկրների միջև կնքված ներդրումային համաձայնագրում:

«Մի քանի ամիս առաջ հայտարարություններ եղան ԱՄՆ կողմից` կոնգրեսականները, տնտեսագետներն ու վերլուծաբաններն ասում էին, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով տուժում է նաև Հայաստանը և Հայաստանին օգնելու միջոցներից մեկն է այս առևտրային համաձայնությունը, որ մեծ հնարավորություններ կբացի Հայաստանի համար` ներգրավելու օտարերկրյա, մասնավորապես, ամերիկյան ներդրումներ»,-ասել է Արամ Վանեցյանը «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը: