
Միջազգային աստղագիտական միությունն իր գործադիր կոմիտեի նիստում հաստատել է 2016թ․ գիտաժողովների ցանկը։ Դրանք աստղագիտական աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներն են և նվիրված են աստղագիտության և աստղաֆիզիկայի զանազան բնագավառներին։
Հայաստանը միշտ բավական ակտիվ է եղել Միության գիտաժողովների կազմակերպման հարցում․ այստեղ անցկացվել է 6 գիտաժողով 1966, 1986, 1989, 1998, 2001 և 2013 թվականներին։ Հատկանշական է, որ այդ հեղինակավոր միջոցառումներից վերջին 3-ը հայ աստղագետները կարողացել են կազմակերպել նաև Վիկտոր Համբարձումյանից հետո։ Դրանք նվիրված են եղել ակտիվ գալակտիկաներին և անկայուն աստղերին։
Մարտի 14-18-ին Տոլեդոյում՝ Իսպանիա կանցկացվի գիտաժողով «Գալակտիկաների ծայրամասերի ձևավորումն ու էվոլյուցիան» թեմայով։ Հուլիսի 18-22-ին Քերնսում՝ Ավստրալիա՝ «Գալակտիկայի կենտրոնի բազմալրաբեր աստղաֆիզիկան» թեմայով միջազգային գիտաժողով։
Մյուսների թվում են «Մոլորակային միգամածություններ․աստղերի և գալակտիկաների էվոլյուցիայի բազմալիքային ուսումնասիրություններ» (հոկտեմբերի 10-14, Պեկին, Չինաստան), «Նոր սահմաններ սև խոռոչների աստղաֆիզիկայում» (սեպտեմբերի 12-16, Լյուբլյանա, Սլովենիա), «Աստղաինֆորմատիկա» (AstroInfo16) (սեպտեմբերի 29 - հոկտեմբերի 4, Սորենտո, Իտալիա), «Աստղագիտական կրթության հետազոտություն՝ հեռուն տանող ազդեցություններև ապագա ուղղություններ» (հոկտեմբեր 4-7, Հայդելբերգ, Գերմանիա), «Արեգակի մթնոլորտի նուրբ կառուցվածքը և դինամիկան» (հոկտեմբերի 9-13, Կարտախենա դե Ինդիաս, Կոլումբիա), «Ակտիվ աստղերի շուրջ բնակվելը» (հոկտեմբերի17-21, Մարեսիաս, Բրազիլիա), «Զանգվածեղ աստղերի կյանքն ու մահը» (նոյեմբերի 28 –դեկտեմբերի 2, Օուքլենդ, Նոր Զելանդիա) և «Աստղաչափությունը և աստղաֆիզիկան Գայայի երկնքում» (դեկտեմբերի 5-9, Նիցա, Ֆրանսիա) թեմաներով գիտաժողովները։