2 հունիսի 2015 - 13:24 AMT
Նազարյան. Էլեկտրաէներգիան ամեն դեպքում կթանկանա, բայց պարզ չէ՝ որքանով

Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման արդյունքում որոշակի թանկացում կլինի, սակայն դեռ հայտնի չէ՝ որքան: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ հավելելով, որ մոտ մեկ շաբաթից՝ հունիսի 9-ին կամ 10-ին, կհայտնեն սակագնի վերաբերյալ իրենց դիրքորոշումը:

ՀԷՑ-ը դիմել է ՀԾԿՀ՝ էլէներգիայի սակագինը վերանայելու հայտով: Ըստ այդմ, առաջարկվում է 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն առաջարկվում է դարձնել համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ:

«Ունենք բոլոր կայանների հայտերը, ունենք ՀԷՑ-ի հայտը, սահմանված կարգով նայել ենք` արդյոք այդ հայտերը, որոնք ներկայացված են, համապատասխանում են մեր կարգերին, թե` ոչ: Բոլորդ տեղյակ եք, որ մենք ընդունել ենք ի վարույթ բոլոր հայտերը, և հայտերն ամբողջությամբ դրված են մեր ինտերնետային կայքում, ոչ մի թերթիկ չի պակասում, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի մտնելով կայք, տեղեկանա հայտերի բովանդակությանը: Մենք մինչև 88 օր ուսումնասիրության ժամկետ ունենք, թեպետ, ժամկետը երկար է, բայց, կարծում եմ, մենք մեկ շաբաթ հետո` ամսի 9-ին կամ 10-ին, կհայտնենք մեր դիրքորոշումը սակագնի վերաբերյալ, որը ևս կտեղադրվի մեր կայքում, որպեսզի բոլորը ծանոթանան դրա հետ»,- ասել է Նազարյանը:

Հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ դիրքորոշում ասելով նկատի ունեն, թե արդյոք ներկայացված հայտերը հիմնավորված են, և որ հայտի, որ հոդվածն է ընդունվել, որը չի ընդունվել, և թե արդյունքում ինչ կունենանք, մեջբերում է Panorama.am-ը:

Հարցին, թե հիմնավորված է թանկացման միտումը, Նազարյանը պատասխանել է՝ քանի դեռ իրենց աշխատակազմը չի ավարտել ուսումնասիրությունները, այդ ուղղությամբ որևէ բան ասել չի կարող.

«Բայց կարող եմ մի բան հաստատակամ, ամենայն պատասխանատվությամբ ասել` բավականաչափ մեծ հնչեղություն է ստացել, որ ՀԷՑ-ն իր հայտում ունի այնպիսի հոդվածներ, որոնք վերաբերում են շքեղությանը՝ թանկարժեք մեքենաներին, առանձնատների վարձակալությանը և այլ ծախսերին, այդ մասով ես կարող եմ ասել, որ և նախորդ սակագնում, և գործող սակագնում, և առաջիկա սակագնում որևէ շքեղության ոչ մի էլեմենտ մեր սակագնում իր արտացուլումը չի գտնի»,- ասել է նա՝ հավելելով, որ դեռևս չի կարող հստակ ասել՝ 17 դրամ թանկացումը հիմնավորված է, թե՝ ոչ:

Բացի այդ հունիսի 2-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության նախագահ Եվգենի Բիբինը փակ հանդիպում է անցկացրել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամների հետ, ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին ներկայացրած հայտի ու սակագնի բարձրացման հիմնավորումները:

«Անկեղծ ասած, ինքս էլ զարմացած եմ, որովհետև որևէ ապացույց, որևէ գրագետ հիմնավորում, որ իրենք նորմալ աշխատել են, չկար նրա խոսքում: ՀԷՑ-ը շատ լուրջ խնդրի առաջ է հայտնվել և դա վատ մենեջմենթի արդյունք է: Որևէ հիմնավորում, որը մեզ կբավարարեր, չեղավ»,-Բիբինի հետ հանդիպումից հետո ասել է ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ հավելելով, որ ներկայացված հիմնավորումները «հավաստի չէին, այդքան էլ տպավորիչ չէին, այդքան էլ հույս ներշնչող չէին»:

Սուր հարցերին ի պատասխան, ըստ էության, Բիբինն ընդամենը արդարացել է:

«Ճիշտ է՝ նա ասում էր, որ չի արդարանում, պարզապես փաստեր է բերում, բայց այդ փաստերը համոզիչ չէին»,-հայտնել է Կարինե Աճեմյանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Ըստ նախնական տեղեկությունների, Բիբինը կհանդիպի նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների հետ:

Կարդացեք նաև՝ Եթե էլէներգիայի սակագինը բարձրանա, Կառավարությունը կօգնի անապահովներին