3 հունիսի 2015 - 15:35 AMT
ԱՄՆ-ն կհրաժարվի ռուսական ՌԴ-180 հրթիռային շարժիչներից

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրթիռային շարժիչի մրցույթ է հայտարարել, որը կոչված է փոխարինելու ռուսական ՌԴ-180 հրթիռային շարժիչները, որոնք կիրառվում են ամերիկյան Atlas V հրթիռների գործարկման համար: Ընդհանուր առմամբ նախգծի իրականացման համար կհատկացվի 160 մլն դոլար` գումարը կստանան չորս հաղթողները:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ պետական բյուջեից կհատկացվի 220 մլն դոլար: Սակայն հաղթող ընկերությունները նախագծի համար պետք է տրամադրեն բյուջեի մեկ երրորդը: Հայտերն ընդունվում են մինչև 2015-ի հունիսի 23-ը, իսկ արդեն սեպտեմբերին կհրապարակվեն հաղթողների անունները:

Ամերիկացի ինժեներները պետք է ՌԴ-180-ի այլընտրանքը ստեղծեն մինչև 2018 թ., իսկ արդեն հաջորդ տարի ռուսական արտադրության շարժիչների օգտագործումն ամբողջովին կդադարեցվի: Հաղթելու հիմնական հավակնորդներն են SpaceX, Aerojet Rocketdyne Holdings Inc. և United Launch Alliance-ը:

ՌԴ-180 հրթիռային շարժիչն աշխատում է հեղուկ վառելիքով և փակ ցիկլով, մշակվել է «Ակադեմիկոս Գլուշկոյի անվան Էներգոմաշ ԳԱՄ» ԲԲԸ-ում: Վառելիքը կերոսինն է: Մեկ շարժիչի արժեքը 2010 թ. դրությամբ 9 մլն դոլար է: