Երբ ամերիկյան Microsoft-ը ձեռք բերեց ֆիննական Nokia ընկերությունը, վերջինս պարտավորվեց սեփական բրենդով սմարթֆոններ չարտադրել: Սակայն այն կարող է շարունակել հին բարի բջջայինների արտադրությունը, որոնք ժամանակին աշխարհում լավագույնն էին:
Ընկերությունը թողարկել է 20-դոլարանոց հեռախոս (9 500 դրամ գործող փոխարժեքով), որը կարող է 35 օր առանց լիցքավորման աշխատել՝ սպասման ռեժիմում: Սարքը նախատեսված է զարգացող տարածաշրջանների համար, որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարման հետ խնդիրներ կան: Այն նաև կարող է օգտագործվել որպես պահուստային հեռախոս:
Նոր Nokia 105-ի հիմքում 2013-ին արտադրված Nokia 105 մոդելն է: Ապարատը որոշ առումով կատարելագործվել է` ընդլայնվել են հնարավորությունները: Բարելավվել է ոչ միայն ձայնային համակարգը, այլև մեկ լիցքավորմամբ մարտկոցի աշխատանքի տևողությունը: Խոսելու դեպքում նոր մոդելը կարող է աշխատել մինչև 15 ժամ, հիշողությունն էլ ներառում է 2000 կոնտակտ:
Հասանելի կլինի նաև սարքի երկու քարտանի տարբերակը: Ըստ արտադրողի, Nokia 105-ն առաջարկում է ամենաանհրաժեշտը` հեռախոսազանգեր և SMS-ներ, սակայն կան նաև այլ օգտակար գործառույթներ: Հեռախոսը վաճառքի կհանվի հուլիսին:
Nokia-ն ֆիննական անդրազգային ընկերություն է, որը զբաղվում է բջջային, ֆիքսված և IP-ցանցերի համար հեռահաղորդակցային սարքավորումների արտադրությամբ, ինչպես նաև HERE ծառայության մշակմամբ: Nokia-ի բաժնետոմսերը տեղաբաշխված են Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի և Հելսինկիի ֆոնդային բորսաներում: 2011-2012 թթ. Nokia-ն սկսեց գործակցել Microsoft-ի հետ, գործնականում հրաժարվելով Symbian սեփական օպերացիոն համակարգից ու MeeGo համակարգի զարգացումից` անցնելով Windows Phone-ի հարթակ: 2013-ի աշնանն ընկերությունը վաճառեց իր բջջային բիզնեսը Microsoft-ին 5,44 մլրդ եվրոյով: