
Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը հունիսի 16-ին կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ինչպես տեղեկացնում է Prensa Centro Armenio-ն՝ այս մասին նշված է Բրիտանիայի խորհրդարանի վերին պալատի պաշտոնական կայքում տեղադրված օրակարգում:
Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը բանավոր խոսքով կներկայացնի «Հայերի, հույների և ասորիների՝ 1915-ի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու մասին» հարցը, գրում է Tert.am-ը:
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթում Միացյալ Թագավորությունը ներկայացնող բարոնուհի Քերոլայն Քոքսն ասել էր, թե Հայոց ցեղասպանության հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշման մեջ որոշակի փոփոխությունների մասին:
Նա խոսել էր ժամանակակից ցեղասպանությունների մասին` շեշտելով, որ սպանվում ու ռմբակոծվում են խաղաղ մարդիկ. «Եվս մեկ ցեղասպանության փորձ է անում Ադրբեջանը` փորձելով վերացնել հայերին իրենց պատմական հողից: Երբ ես այցելում եմ Հայաստան ու Արցախ, ոգեշնչված եմ զգում ձեր ոգով: Դուք փյունիկ եք, փշուրներից ստեղծում եք հոյակերտություն, բայց, ցավոք, Ադրբեջանը շարունակում է սպառնալ ու սպանել: Համոզված եմ, որ ԼՂՀ-ն ունի հիմնավոր պահանջ, ինչպես և Կոսովոն, ապրելու անկախ, և ես հայտնում եմ իմ զորակցությունը Արցախի ժողովրդին: Այս ֆորումում մենք լսեցինք, թե ինչքան կարևոր է ճանաչել ճշմարտությունը, և դրա մասին է խոսել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Ես խոնարհվում եմ Հռոմի պապի առջև նրա հզոր հայտարարության համար»,- ասել է բարոնուհին՝ հավելելով, որ շատերն են հետագայում բարձր գին վճարել նրա համար, որ խոսել ու բարձրաձայնել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, երբեմն կյանքի գնով, ինչպես Հրանտ Դինքը: