27 սեպտեմբերի 2006 - 16:23 AMT
Հոլանդիա. Պատգամավորության թեկնածուին դուրս են թողել կուսակցական ցուցակից Հայոց ցեղասպանության ժխտման համար
Սոցիալիստական աշխատանքային կուսակցությունից (ՍԱԿ) Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորության թեկնածու Էրդինկ Սաքանին դուրս են թողել կուսակցական ցուցակից Հայոց ցեղասպանության ժխտման համար: Հոլանդիայի քաղաքացի, էթնիկ թուրք Էրդինկ Սաքանը ընդգրկվել էր կուսակցական ցուցակներում Բրաբանտ ընտրատարածքից նոյեմբերի 22-ի ընտրություններին մասնակցելու նպատակով: Կուսակցության նախագահը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, նշեց, որ դա դժվար որոշում է եղել: «Մենք չենք կարող որեւէ անճշտություն թույլ տալ այս հարցում եւ նահանջել կուսակցության դիրքորոշումից: Էրդինկ Սաքանը հավանություն չտվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին, եւ Սոցիալիստական աշխատանքային կուսակցությանը այլընտրանք չմնաց»,-ընդգծել է ՍԱԿ-ի նախագահը, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» թերթը: