10 հունիսի 2015 - 14:10 AMT
Amnesty International-ի ներկայացուցիչների մուտքն Ադրբեջան մերժվել է

Amnesty International-ը ստիպված էր չեղյալ համարել այցն Ադրբեջան այն բանից հետո, երբ կառավարությունը վերջին պահին հրաժարվեց արտոնել այդ իրավապաշտպան կազմակերպության պատվիրակության այցը Բաքու, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Այցը, որի նպատակն «Ադրբեջան. Հետապնդումներ Եվրախաղերի ֆոնին» խորագրով ճեպազրույցի անցկացումն էր, չեղյալ համարվեց, երբ հունիսի 9-ի ուշ երեկոյան Լոնդոնում Ադրբեջանի դեսպանությունը հայտարարեց, որ «Ադրբեջանն այժմ ի վիճակի չէ ընդունել Amnesty International-ին»:

«Սա հեգնանք է`միջոցառումը չեղյալ է համարվում այն ժամանակ, երբ քննադատական ձայները երկրում սիստեմատիկաբար ճնշվում են Եվրոպական խաղերի շեմին: Երկրի իշխանությունները հուսահատ փորձում են Եվրախաղերի շուրջ քննադատությունից զերծ գոտի ստեղծել»,-ասել է Amnesty International-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի գծով փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը:

«Այս խաղերը հեռու են մամուլի ազատության և մարդկային արժանապատվության արժեքներից, որոնք ամրագրված են Օլիմպիական խարտիայում: Այս խաղերի հետքը հետագայում ևս կխրախուսի ամբողջ աշխարհի ռեպրեսիվ մարմիններին` օգտագործել խոշոր միջազգային սպորտային իրադարձությունները որպես միջազգային հեղինակության արտոնագիր»,-ասել է նա, գրում է Contact.az-ը:

Վերջին տարում Ադրբեջանի լրագրողները, իրավապաշտպանները, ընդդիմության անդամներն ու ժողովրդավարական երիտասարդ ակտիվիստները հետապնդումների, ձերբակալությունների ու կտտանքների են ենթարկվել: Հետապնդումները միայն աճեցին Խաղերին ընդառաջ:

Կա առնվազն խղճի 20 բանտարկյալ Ադրբեջանում, որոնք կալանավորվել են բացառապես կարծիքն ազատ արտահայտելու համար: Նրանց մի մասին խարդախության մեղադրանք ներկայացվեց, թմրանյութերի շրջանառության, խուլիգանության, ինչպես նաև պետական դավաճանության մեղադրանք:

Ակտիվիստներից շատերը լքել են երկիրը, իսկ ով մնացել է, վախենում է իր և ընտանիքի անդամներին սպառնալիքների պատճառով:

Անկախ ԶԼՄ-ներ գրեթե չկան, իսկ թերթերն ու հեռուստատեսությունը, որոնք պատկանում են կամ վերահսկվում են պետության կողմից, օգտագործվում են իշխանություններին արդարացնելու համար: Այս ամենը թույլ է տալիս անպատիժ թողնել իշխանությունների չարաշահումները, ասվում է հայտարարության մեջ:

Այնուհետև թվարկվում են իրավապաշտպանների կոնկրետ գործերը:

Amnesty International-ը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հալածյալներին և հարգել ազատ արտահայտվելու, հավաքների և ասոցիացիաների իրավունքը: Միջազգային հանրությունը, ներառյալ կառավարություններն ու Եվրոպական օլիմպիական կոմիտեն, պետք է ճնշում գործադրեն իշխանությունների վրա, դրան հասնելու համար:

«Ադրբեջանում անցկացվող Եվրախաղերը եզակի հնարավարություն են տալիս ապահովելու մարդու իրավունքների հետ կապված վիճակի բարելավում: Ուստի, եթե Եվրոպական օլիմպիական կոմիտեն և միջազգային հանրությունը չհայտարարեն այդ մասին, դա թույլ կտա Ադրբեջանի իշխանություններին վերջնականապես խեղդել քննադատող քաղաքացիական հասարակությունը»,-ասել է Կրիվոշեևը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սպորտը մարդու համար» հարթակի ակտիվիստ, բրիտանացի լրագրող Էմմա Հյուզը գիշերը ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում։ Սահմանապահ ծառայությունն արգելել է նրա մուտքը երկիր։Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, նրան հաղորդել են, որ իր անունը ներառված է Ադրբեջանի անցանկալի անձանց «կարմիր ցանկում»:

Վերջին շաբաթների ընթացքում Հյուզն ակտիվ արշավ էր սկսել «Սպորտը մարդու համար» կոալիցիայի շրջանակներում, որի նպատակն է ուշադրություն հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների վրա Նա հավատարմագրվել է Եվրոպական խաղերի լուսաբանման համար, որոնք Բաքվում մեկնարկելու են հունիսի 12-ին։ Սակայն նրա մուտքն արգելվել է, և նա կալանքի տակ է մնացել Բաքվի օդանավակայանում։

«Ինձ ձերբակալել են Ալիևի ռեժիմի հրահանգով, և գուցե արտաքսեն։ Լրագրողները, իրավաբանները, գիտնականներն ու ակտիվիսնտերը, բոլորն այս երկրում ճաղերի հետևում են հայտնվում»,- հեռախոսով գործընկերներին ասել է Հյուզը։

Մինչդեռ հունիսի 8-ին Եվրախորհրդարանի նիստում մի խումբ պատգամավորներ ակցիա անցկացրեցին` կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված իրավապաշտպաններին ու լրագրողներին:

Նախաձեռնությունը Եվրախորհրդարանի փոխնախագահ, «կանաչների» խմբակցության ներկայացուցիչ Ուլրիկե Լունաչեկինն էր:

Նիստի բացմանը պատգամավորները շապիկներ էին հագել Լեյլա Յունուսի, Խադիջա Իսմայլովայի, Անար Մամեդլիի և մյուսների լուսանկարներով:

Լունաչեկն իր ելույթում հայտարարեց, որ Եվրոպան չի կարող անտեսել քաղբանտարկյալների հարցը և կոչ է արել ԵԽ-ին հատուկ բանաձև ընդունել:

Նիստին ընդառաջ հայտնի իրավապաշտպան կազմակերպությունները` Amnesty İnternational, Freedom House, Humaт Right Watch և Մարդու իրավունքների նորվեգական տունը, համատեղ հայտարարություն տարածեցին` մտահոգություն հայտնելով Ադրբեջանում Եվրախաղերի շեմին քաղաքացիական հասարակության հետապնդումների առնչությամբ:

Գերմանական Tagesspiegel թերթն իր աղբյուրներին հղումով գրում է, որ Գերմանիայի առաջին դեմքերն ու Կառավարության անդամները չեն մեկնի Բաքու՝ հունիսի 12-ին կայանալիք Եվրոպական առաջին խաղերի բացմանը: «Կանցլեր Անգելա Մերկելը չի մեկնի Բաքու: Բացի այդ, ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը, որը սպորտի կուրատորն է, նույնպես հրաժարվել է Ադրբեջանի մայրաքաղաք այցից: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ևս հունիսի 12-ին Բեռլինում կմնա»,- գրում է թերթը:

Այցելությունից հրաժարվելու պատճառը, ըստ հոդվածի հեղինակ Կլաուդիա ֆոն Զալզենի, Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունն է:

FIDH միջազգային կազմակերպությունը կոչ է արել եվրոպական երկրների առաջնորդներին պայմանավորել իրենց մասնակցությունը Խաղերի բացման արարողությանը քաղբանտարկյալներին ու ակտիվիստներին ազատ արձակելու պայմանով: