27 սեպտեմբերի 2006 - 17:08 AMT
Հայոց ցեղասպանության վերաբերյալ պարբերության հարցում եվրախորհրդարանականների կարծիքները բաժանվել են
Երեկ Եվրախորհրդարանում քննարկումներ են տեղի ունեցել հոլանդացի խորհրդարանական Կամիել Էրլինգսի` «Թուրքիայի առաջխաղացումը անդամակցության ճանապարհին» զեկույցի շուրջ: Բացելով քննարկումները` Կ. Էրլինգսը հայտարարեց, որ իր զեկույցը «ազնիվ, բայց դաժան է» եւ նշեց, որ Եվրախորհրդարանը ցավում է Թուրքիայի բարեփոխումների դանդաղեցման կապակցությամբ: Խոսքի ազատության հարցի կապակցությամբ նա նշեց Թուրքիայի ՔՕ 301 հոդվածի փոփոխության, նույնիսկ դրա վերացման անհրաժեշտության մասին, քանի որ դա կարեւոր է ոչ միայն ԵՄ-ի, այլեւ թուրք ժողովրդի համար: Կամիել Էրլինգսը ընդգծել է հավատքի ազատության կարեւորությունը եւ ավելացրել է, որ բռնագրավված գույքը պետք է վերադարձվի եկեղեցիներին: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, ապա պատգամավորը մեջբերում է կատարել զեկույցից, հայտարարելով, մասնավորապես, որ «այդ իրադարձությունների ճանաչումը չափանիշ չէ ԵՄ մտնելու համար, չնայած Թուրքիան պետք է ընդունի իր անցյալը»:
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը` որպես ԵՄ անդամագրվելու նախապայման Թուրքիայի համար, գտնվում էր գրեթե բոլոր ելույթ ունեցողների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, Սոցիալիստական կուսակցության անդամ Ժան Մարիուս Վիրսմանը հայտարարեց, որ Թուրքիան պետք է ճանաչի 20-րդ դարասկզբի իրադարձությունները, սակայն դա չպետք է նախապայման հանդիսանա ԵՄ մտնելու համար: Յուստ Լագենդիկը նշել է Հայոց ցեղասպանության մասին պարբերության հետ կապված մեծ խնդիրները: Նա պաշտպանել է այս կետի օրիգինալ ձեւակերպման պահպանման Կամիել Էրլինգսի ջանքերը: Անդրեաս Մերզելը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ չէ մտնել ԵՄ Կիպրոսի հարցում իր ունեցած դիրքորոշման, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ քրդական խնդրի պատճառով: Սիմոն Կովենին, իր հերթին, հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է նոր նասխապայման դառնա ԵՄ-ին անդամակցելու համար: Զարգացման հարցերով տեսուչ Լուի Միշելը հայտարարել է, որ հայոց հարցը «երբեք նախապայման չի եղել, եւ դրա պարտադրումը դիրքորոշման փոխփոխություն է հանդիսանում»:
Հիշեցնենք, որ օրերս Եվրոպայի Հայկական Ֆեդերացիան հայտարարել էր մի շարք եվրախորհրդարանականների վախեցման մասին թուրքական կողմից: Մասնավորապես, նրանք, ովքեր այս պարբերության հիմնական կողմնակիցներն են եղել Արտաքին հարաբերությունների կոմիտեում քննարկման ժամանակ, այսինքն` Եվրախորհրդարանի սոցիալիստական եւ լիբերալ խմբավորումները, դեմ են հանդես եկել Թուրքիայի` ԵՄ մտնելու վերաբերյալ բանաձեւի այն պարբերության հարցում, որը ենթադրում է Հայոց ցեղասպանության ճանաչում` որպես նախապայման այդ երկրի համար ԵՄ մտնելիս: