12 հունիսի 2015 - 13:54 AMT
Երևանում վերելակների նորոգման վերահսկողության աշխատանքային խումբ կստեղծվի

Համայնքային բյուջեով և բնակչությունից գանձվող սպասարկման վճարների հաշվին կազմակերպվող վերելակների նորոգման աշխատանքները գտնվելու են Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում: Վերահսկողական գործառույթներ է իրականացնելու նաև հատուկ այդ նպատակով ստեղծվող աշխատանքային խումբը:

Այս մասին հունիսի 12-ին հայտարարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը 2015 թվականին համայնքային բյուջեի և բնակչությունից գանձվող սպասարկման վճարների միջոցներով մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգման ընթացքին նվիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Արեյանը հատկանշել է, որ հաշվի առնելով մարդու կյանքի և առողջության հետ անմիջականորեն ունեցած կապը` աշխատանքների անվտանգ, որակյալ և լիարժեք իրականացմանը պետք է առաջնային կարևորություն տալ:

Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետի առաջին տեղակալին նախ ներկայացրել են ընթացիկ տարում համայնքային բյուջեով տեղերում նախատեսված վերելակների նորոգման աշխատանքները, ինչպես նաև` առաջիկա անելիքները:

Վերելակային տնտեսությունները սպասարկող ընկերությունների տնօրենները հանդես են եկել վերելակների պահեստամասերի և մյուս բաղադրիչների նորոգման, նորերի ձեռք բերման և դրանց տեղադրման մասին առանձին հաշվետվություններով: Լսելով դրանք` հանձնարարվել է արագացնել վերելակների նորոգման ընթացքը և հնարավորին արագ, սակայն որակական և անվտանգության բոլոր չափանիշների պահպանմամբ, տեխնիկական զննում անցնելուց հետո վերելակները հանձնել շահագործման:

Քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետին և տեխնիկական վերահսկողություն իրականացնող մյուս կառույցների ներկայացուցիչներին հանձնարարվել է մանրակրկիտ և պարբերական ուսումնասիրություններ անցկացնել, ստուգել արդեն նորոգված վերելակներում տեղադրված նոր պահեստամասերի առկայությունն ու ծախսված միջոցների վերաբերյալ հաշվետվությունների արժանահավատությունը, անցկացնել դրանց որակի համապատասխանության միջոցառումներ: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է անձամբ հետևել վերելակների նորոգման աշխատանքների ընթացքին և պարբերաբար ներկայացնել արդյունքները:

Երևանում գործող վերելակների սխալ շահագործման հետևանքով 2006 թվականից առ այսօր տեղի է ունեցել 11 դժբախտ դեպք, որոնց հետևանքով ութ մարդ զոհվել է, ութը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՀՀ տարածքային կառավարման ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը հայտնել է, որ Երևանում շահագործվում է 4341 վերելակ, որից 49-ի համար փորձաքննությունները բացասական եզրակացություն են տվել: Երևանի ավելի քան 4000 վերելակից 2008 թվականից ի վեր հիմնովին նորոգվել և փոխարինվել է միայն 40-ը: