12 հունիսի 2015 - 15:12 AMT
Կոնգրեսում չեն կողմնորոշվել Հարավային Կովկասի երկրներին ֆինանսական աջակցության հարցում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեն 2016 թ. պետբյուջեի իր տարբերակում անուշադրության է մատնել ֆինանսական հատկացումները Կովկասի երկրներին` կոնկրետ գումար չնշելով: Այսպիսով, այդ հարցում առանցքային դերակատարում կունենա Սենատը, հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մամուլի ծառայությունը:

Ներկայացուցիչների պալատի հատկացումենրի կոմիտեն ընդունեց 2016 թ. ֆինանսական տարում օտարերկրյա հատկացումների մասին օրինագծի իր տարբերակը մի շարք ուղղումների քննարկումից հետո: Կոմիտեի անդամների բոլոր առաջարկները, բացառությամբ մեկի, մերժվեցին: Զեկույցի նախագծում, որը կցված է օրինագծին, կոմիտեի անդամները մատնանշել են Իրաքին, Հորդանանին, Լիբանանին և Թուրքիային հատկացվելիք ֆինանսական օգնությունը շարունակելու անհրաժեշտությունը` սիրիացի փախստականների հետ կապված ճգնաժամը հաղթահարելու համար: Իսկ հետո ավելի լայն իմաստով կոչ են արել Պետդեպարտամենտին հետագայում ևս օգնել ընդունող երկրներին ընդլայնել իրենց ազգային համակարգերը` բավարարելու համար փախստականների պահանջները և լուծելու համար դրա հետ կապված մյուս խնդիրները:

Օրինագծում կոնկրետ հիշատակումներ չկան Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին, Ադրբեջանին և Վրաստանին հատկացվելիք տնտեսական օգնության առաջնայնությունների մասին, թեև նախատեսվում է 20 մլն դոլար հատկացնել Վրաստանին որպես ռազմական օգնություն: Փաստաթղթում նաև աջակցություն է հայտնվում 907 ուղղմանը, որով 1992 թ. օրենքի հիման վրա սահմանափակվում է ամերիկյան օգնությունն Ադրբեջանին: Այդ օրենքով ԱՄՆ-ն դատապարտել էր Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ և Հայաստանի շրջափակումը: ԱՄՆ Սենատում օրինագծի քննարկումը կսկսվի հուլիսին, Պետական հատկացումների ենթակոմիտեի լրամշակումից հետո, հայտնում է Armenia Today-ը:

ANCA-ն ցանկանում է, որ ԱՄՆ-ն ձեռք մեկնի Հայաստանին հազարավոր սիրիահայերի ու պատերազմական վիճակում գտնվող Սիրիայից արտագաղթած այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին օգնելու հարցում: Նրանք նաև պահանջում են, որ Միացյալ Նահանգները զրոյական օգնություն ցուցաբերի Ադրբեջանին, քանի դեռ այդ երկիրը վերջ չի տվել իր տարածաշրջանային ագրեսիային: Ինչ վերաբերում է Վրաստանին տրամադրվելիք օգնությանը, ապա ANCA-ն պահանջում է, որ դրա առնվազն 10 տոկոսը հատկացվի հայաբնակ Սամցխե-Ջավախքի շրջանում աշխատատեղերի ստեղծման ծրագրին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է 2016-ի բյուջեի շրջանակում ռեկորդային չափով նվազեցնել Հայաստանին, ինչպես նաև Ադրբեջանին տրամադրվելիք ֆինանսական օգնության չափը: Օբաման առաջարկել է 2016-ի համար $18.360.000 հատկացնել Հայաստանի տնտեսության աջակցության հիմնադրամին: Եվ եթե Կոնգրեսն այս առաջարկը հավանության արժանացնի, ապա դա կլինի ՀՀ անկախության տարիներից ի վեր նվազագույն տնտեսական օգնությունը:Աղբյուրը մանրամասնում է, որ Օբամայի առաջարկած գումարի չափը $2 մլն-ով պակաս է նախորդ անգամ հատկացված գումարից:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը քննադատել է Նահանգների նախագահի վարչակազմի այս քայլը, բայց միևնույն ժամանակ ողջունել է, որ Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության չափը հավասար է: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա ամերիկյան կողմը որևէ ֆինանսական օգնություն չի նախատեսել:

Հունվարին ANCA-ն պահանջեց ԱՄՆ-ից դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին քանի դեռ Բաքուն չի ստորագրել հրադադարի մասին պայմանագիրը:

ANCA-ն կոչ արեց ԱՄՆ հայ համայնքին ճնշում գործադրել Ներկայացուցիչների պալատի և Կոնգրեսի վրա` բացառելու համար ֆինանսական օգնությունն Ադրբեջանին 2016 ֆինանսական տարում:

Իր էջում ANCA-ն հրապարակել է բյուջեի համար պատասխանատու կոնգրեսականների ու սենատորների անուններն ու հեռախոսահամարները: